Հայաստանի խորհրդարանը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Խորհրդարանի կանոնակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածության առաջադրման կարգին։ Նախագծին կողմ է քվեարկել 117 պատգամավոր։

Ներկայացնելով օրենսդրական նախագիծը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ ՀՀ նախագահը դիմել է ՍԴ-ին եւ բողոքարկել «Խորհրդարանի կանոնակարգի մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքները։ ՍԴ-ն «Խորհրդարանի կանոնակարգի մասին» օրենքի դրույթները խնդրահարույց է գնահատել։

Մասնավորապես, բողոքարկվել է այն դրույթը, որի համաձայն, ՍԴ դատավորի ընտրությունը, ներառյալ թեկնածության առաջադրումը եւ պաշտոնի ստանձնումը, պետք է ամրագրվեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով։ Հենց դրանով է պայմանավորված փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում Հայաստանում կձեւավորվի հակասահմանադրական իրավական վակուում։

«Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվել է՝ կարո՞ղ է արդյոք առաջանալ մի իրավիճակ, որի դեպքում դատավորի թեկնածության առաջադրման իրավասու մարմինը մի քանի անգամ շարունակ առաջադրի նույն թեկնածությունը, նույնիսկ եթե այն նախկինում չի հաստատվել։ Զեյնալյանը պատասխանել է, որ եթե թեկնածությունը ձայների բավարար քանակ չի ստացել, այն խորհրդարանում կրկին քվեարկության դնելու որեւէ սահմանադրական արգելք չկա։

Նշենք, որ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չի կարողացել համարժեք պատասխան տալ «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին, թե կարող է արդյոք Վահե Գրիգորյանի թեկնածությունը կրկին առաջադրվել ՍԴ դատավորի պաշտոնի համար՝ հաշվի առնելով այն, որ նախորդ գումարման խորհրդարանը չի ընտրել նրան։ «Խնդրում եմ ասել՝ այո կամ ոչ»,- նշել է պատգամավորը։

Վերջին արտահայտությունը, չգիտես ինչու, վրդովեցրել է Վարդանյանին։ Նա հայտարարել է, թե ինքը «հարցաքննության չի եկել», եւ կպատասխանի, ինչպես հարկ կհամարի։ Այնուհետեւ Վարդանյանը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել երկրի նախագահին, քանի որ նա է առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ «Ես չեմ կարող նախագահի փոխարեն պատասխանել»,- ասել է Վարդանյանը, որը հավանաբար հարցը չի հասկացել կամ օրենքը չի կարդացել։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն այն անցյալ տարվա հոկտեմբերին խորհրդարանում ձայների բավարար քանակ չէր հավաքել։

Այս տարվա մարտին Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։