Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականները վերջերս իրենց շարքերը լրացրել են մի քանի սփյուռքահայերով ՝ Հրաչ Եգան եւ Մաքսիմ Ոսկանյան, ովքեր հանդես են գալիս Բելգիայում, եւ Իսրայելում խաղացող Եղիա Յավրույան։ Սրա հետ կապված՝ միտքդ են գալիս մեր ազգային հավաքականի կազմում հանդես եկած մի շարք այլ սփյուռքահայ խաղացողներ, ինչպես նաեւ ֆուտբոլային աշխարհում հայտնի մարզիչ Սերխիո Մարգարյանը։

Ամեն դեպքում, այսօր կուզեինք խոսել երկրի առաջնությունում հանդես եկած արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյս»-ի հայազգի հարձակվողի մասին։ Խոսքը 1987թվ. Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ծնված Անտոնիո Խոակին Բողոսյանի մասին է։ Խոակինն իր պրոֆեսիոնալ ելույթներն սկսել է ուրուգվայական «Սերո» ակումբում, իսկ 19 տարեկանում տեղափոխվել երկրի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Պրոգրեսո»։ Բողոսյանի աստեղային ժամը վրա հասավ 2008-2009թթ., երբ նա հաստատեց իր տեղը «Սերո»-ի հիմնական կազմում եւ սկսեց գոլեր խփել։ Նա բոլորին զարմացնում էր իր ֆիզիկական տվյալներով(197սմ), բարձրից հիանալի խաղով եւ աջից ուժեղ հարվածներով։

Բնական է , որ 22-ամյա երիտասարդի հաջող ելույթները աննկատելի չմնացին այլ ակումբների կողմից։ Դրա վկայությունը «Նյուելզ Օլդ Բոյս»-ի կողմից նրան վարձելն էր։

«Ես շատ ուրախ եմ, որ „Սերո“-ի պատմության մի մասն եմ դարձել եւ ուրախ եմ, որ հանդես եմ գալիս այնպիսի ակումբում, ինչպիսին „Նյուելզ Օլդ Բոյս“-ն է։ Սիրում եմ իմ առջեւ լուրջ նպատակներ դնել եւ հասնել դրանց»,- ասում է Բողոսյանը։

Նա առայժմ հարմարվում է արգենտինական ֆուտբոլի առաջատարներից մեկի խաղային փիլիսոփայությանը, սակայն իր նոր ակումբում արդեն հասցրել է 4 խաղ անցկացնել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Ոչ մի կասկած չկա նրանում, որ Բողոսյանը կարող է զգալիորեն ուժեղացնել Հայաստանի հավաքականը։ Բայց կցանկանա՞ նա, ում հարավամերիկյան մամուլը կնքել է «Արմենիո» (հայ) անվամբ, հանդես գալ մեր երկրի ազգային հավաքականի համար։ Չէ՞ որ կարելի է ենթադրել, որ երիտասարդի վրա կսկսի ուշադրություն դարձնել նաեւ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ինչ էլ լինի, միանշանակ արժե փորձել նրան ներգրավել մեր հավաքականում…