Սահմանադրությունը փոխելու գլխավոր փաստարկը հեղափոխությունն է։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Տղա՛ ջան, Սահմանադրությունը փոխելու գլխավոր փաստարկը հեղափոխությունն է: Այն, որ դու ասում ես՝ ես հեղափոխություն եմ արել, դա արդեն ենթադրել է տալիս, որ այն սահմանադրական իրավիճակը, որի դեմ հեղափոխություն ես արել՝ պետք է փոխվի: Հստակ ասված է եղել, որ այս սահմանադրությունը կարվում է Սերժ Սարգսյանի հագով: Մի՞թե դա փաստարկ չէ»,–նշեց նա։
Հայրիկյանի խոսքով՝ հեղափոխությունն ինքնին մեծագույն փաստարկ է սահմանադրությունը փոխելու համար. «Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե իրեն փաստարկ չի ներկայացվել՝ սահմանադրական փոփոխություն կատարելու վերաբերյալ: Եթե «հեղափոխություն» բառն օգտագործող մարդը չի հասկանում, որ հեղափոխությունն ինքնին մեծագույն փաստարկ է, պետք է այդ մարդուն խղճաս, փորձես ամեն կերպ օգնել»։
Նա վստահ է՝ սահմանադրական փոփոխություններ չկատարելու միայն մեկ հակափաստարկ կա. «Եթե այն տեղի ունենա՝ որեւէ քաղաքական ուժ խորհրդարանում մեծամասնություն չի ունենալու»։
Հայրիկյանի կարծիքով՝ չպետք է լինի նաեւ «նախագահի» ինստիտուտը. «Նախագահ խրտվիլակը չպետք է լինի, քանի որ բոլոր քաղաքացիները նախագահ են»։





























