Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցություններից լուրջ ակնկալիքներ չկան։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Արա Պապյանը։ Փորձագետը նշել է, որ խոսքը վերաբերել է Մադրիդյան սկզբունքներին, որոնք ցայժմ շրջանառութունից չեն հանվել։ «Կարելի է պնդել, որ Մադրիդյան սկզբունքների կիրառումը բանակցային գործընթացում կհանգեցնի Ղարաբաղը կորցնելուն»,- հավելել է Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ հանդիպումը դրական գնահատել չի կարելի, քանի որ Ալիեւի հայտարարությունները Երեւանը զավթելու պլանների մասին ավելի համոզիչ են հնչում, քան խաղաղության մասին հայտարարությունները։ «Բաքուն երբեք չի համաձայնի Արցախի՝ որպես հիմնական, իրավահավասար կողմի վերադարձին բանակցությունների սեղանի շուրջ։ Առավելագույնը, ինչին կարող են գնալ Ադրբեջանի իշխանությունները, Ղարաբաղի մասնակցությունն է բանակցություններին համայնքի ներկայացուցչի մակարդակով։ Դա, իր հերթին, չի բավարարում մեզ։ Բանակցությունների ձեւաչափի փոփոխությունն անհնար է առանց Բաքվի համաձայնության, իսկ ադրբեջանական կողմը հազիվ թե երբեւէ գնա դրան»,- նշել է նա։ «Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչպես են ընթանալու քաղաքական գործընթացները, հանրաքվեի, ընտրությունների անցկացման ժամկետները, եթե դրանք լինեն։ Օրինակ, Ադրբեջանում կա մոտ 300 հազար մարդ, որոնց փաստաթղթերում որպես ծննդավայր նշված է Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ որոշակի պայմաններում, ժողովրդագրության տեսակետից մենք փոքրամասնություն ենք»,- պարզաբանել է նա։ Պապյանը նշել է, որ հայկական դիրքորոշման մեղմումը բանակցություններում կհանգեցնի նրան, որ Ալիեւը կանցնի ավելի կոշտ հռետորաբանության։
Փորձագետն ընդգծել է, որ, խոսելով հնարավոր մարդասիրական համագործակցության մասին, չի բացառվում, որ նկատի է առնվել գերիների փոխանակման գործընթացը։ «Այս իմաստով կարեւոր է որոշել՝ ով է դիվերսանտ եւ ով է, որ մոլորվել է»,- ասել է Արա Պապյանը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։





























