«Տարածք կարգավիճակի դիմաց» սկզբունքն այլեւս ակտուալ չէ։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Արա Պապյանը։ Նրա խոսքով՝ այդ սկզբունքը կարող էր գործել, եթե ադրբեջանական հասարակությունում չլիներ այնպիսի ատելություն, ինչպես հիմա։ «Ղարաբաղը ստանալով՝ Ադրբեջանը կանգ չի առնի եւ կհավակնի Հայաստանի տարածքներին։ Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում երբեք չի փոխվել, ի տարբերություն մեզ, որ պատրաստ ենք գնալու ինչ-որ զիջումների»,- նշել է փորձագետը։

Նա հավելել է, որ բանակցություններն ադրբեջանական կողմի համար լոկ մարտավարական քայլ են։ Այս դեպքում ընթանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետեւանքների հարթման գործընթաց միջազգային հանրության աչքում, իսկ Բաքվի ռազմավարությունը մեկն է՝ նվաճել Հայաստանը եւ ենթարկեցնել հայերին։ «Մենք անընդհատ փորձում ենք ժամանակ շահել, բայց այդ գործընթացը մեզ համար շատ վատ է ընթանում այն հաշվառմամբ, որ մենք տանուլ ենք տալիս Ադրբեջանին տնտեսական զարգացմամբ։ Եթե այդպես է, ապա մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի նրանց թուլացնենք ներսից, օրինակ՝ թալիշների եւ Ադրբեջանի մյուս ազգությունների հետ համագործակցության միջոցով»,- ամփոփել է Արա Պապյանը։