Տեղական ժամանակով 08:00-ին Ուկրաինայում բացվել են բոլոր ընտրատեղամասերը, հաղորդում է ԿորրեսպոնդենՏ.net-ը:
Ուկրաինայի ապագա ղեկավարի համար առաջինը քվեարկել են Ավստրալիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները:
Կանբերայում Ուկրաինայի դեսպանատանը կից տեղամասը բացվել է տեղական ժամանակով 08:00-ին (Կիեւի ժամանակով մարտի 30-ի ժամը 23:00-ին): Այնտեղ քվեարկությունը կընթանա մինչ 20:00-ն (մարտի 31-ը՝ Կիեւի ժամանակով 11:00-ն):
Կանբերայում կարող են քվեարկել նաեւ Նոր Զելանդիայի ուկրաինացիները:
Արտասահմանում ընդհանուր առմամբ ԿԸՀ-ը ձեւավորել է 101 ընտրահանձնաժողով: Ուկրաինացիները քվեարկում են աշխարհի 72 երկրներում: Տեղամասերը ստեղծվել են հիմնականում Ուկրաինայի դեսպանատներում եւ հյուպատոսություններում:
Ամենամեծ թվով արտասահմանյան ընտրատեղամասեր ձեւավորվել են Գերմանիայում. այնտեղ ստեղծվել է 5 տեղամաս, իսկ ԱՄՆ-ում, Լեհաստանում, Իտալիայում՝ 4-ական, Կանադայում, Իսպանիայում եւ Թուրքիայում՝ 3-ական: Ռուսաստանում քվեարկության բոլոր տեղամասերը փակ են:
Արտասահմանյան ամենամեծ ընտրատեղամասը Մոլդովայում Ուկրաինայի դեսպանատանն է, որտեղ գրանցված են ավելի քան 52 հազար ընտրողներ: Ամենափոքրը՝ Կոսովոյի զորամասում (շուրջ 50 ընտրող):
Ընդհանուր առմամբ ԿԸՀ-ն ուղարկել է արտասահմանյան ընտրատեղամասեր ավելի քան 420 հազար քվեաթերթիկ:
Նախագահական ընտրությունները կավարտվեն Սան Ֆրանցիսկոյում վերջին տեղամասը փակելուց հետո: Այնտեղ քվեարկությունը կընթանա մինչ ապրիլի 1-ը՝ ժամն առավոտյան 6-ը Կիեւի ժամանակով:
Համաձայն վերջին սոց. հարցումների տվյալների՝ երկրի ղեկավարի պաշտոնի համար նախընտրական պայքարի առաջատարներն են Վլադիմիր Զելենսկին, որը, ըստ տարբեր հարցումների, հավաքել է ձայների 26.6-ից 28.5 տոկոսը, երկրորդ տեղում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (17-ից 19 տոկոս): Ֆավորիտների եռյակն ամփոփում է Յուլյա Տիմոշենկոն, սոց. հարցումների տվյալների համաձայն, հավաքելով ձայների 13.3-ից 17 տոկոսը:





























