168 մարդու կյանք խլած Թեհրան-Երեւան չվերթի ՏՈՒ-154 ինքնաթիռի կործանումից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն խոստացված փոխհատուցումները զոհերը հարազատներն առ այսօր այդպես էլ չեն ստացել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ինքնաթիռի սեփականատեր Caspian airlines ընկերության աշխատակցուհին հայտնել է, որ գումարային փոխհատուցումները զոհերի հարազատները կարող են ստանալ, երբ նրանց ներկայացրած բոլոր փաստաթղթերն ուղարկվեն ապահովագրական ընկերություն եւ հաստատվեն:
Սակայն, նրա խոսքերով, ոչ բոլոր ընտանիքներն են ներկայացրել անհրաժեշտ թղթաբանությունը. «Երբ այդ հարցը լուծվի, գումարը կփոխանցվի կարճ ժամկետում»:
Համաձայն ընկերության կանոնների՝ յուրաքանչյուր ընտանիք պարտավոր է իր կողմից ներկայացնել մեկ լիազոր անձի, որն էլ կստանա խոստացված 32 հազար եվրո գումարը:
Ուղեւորների թվում 37 հայեր կային, որոնցից հինգը Հայաստանի քաղաքացիներ էին, այդ թվում` ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին կործանված ինքնաթիռների սեւ արկղերի ծավալի կեսն արդեն գաղտանզերծվել է, եւ ներկայումս մասնագետները զբաղվում են հետագա գաղտնազերծմամբ՝ ողբերգության պատճառների մասին ավելի լիարժեք տեղեկություններ ստանալու համար:




























