Պիտեր Պաուլ Ռուբենսի կորած էսքիզներից մեկը, որի հիման վրա նա աշակերտների հետ նկարազարդել է Անտվերպենում ճիզվիտական եկեղեցու կամարները, Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է 1,3 մլն եվրոյով: France 3 հեռուստաալիքը հայտնում է, որ լոտը գնել է Բելգիայից մի հավաքորդ: Աշխատանքը նախապես գնահատվել էր 200 հազար եվրո:
Mercier & CIE աճուրդի տան տնօրեն Պատրիկ Դեգինեն պատմել է, որ 1620 թվականի մարտին վարպետը 3x4 մետր չափերով 39 նկարի պատվեր է ստացել: Աշխատանքները նա եւ նրա մոտ 30 օգնականները կատարել են գրեթե մեկ տարում: «Իր գլուխգործոցներն իրականացնելիս աշակերտներին օգնելու համար նա էսքիզներ է կատարել,- հավելել է Դեգինեն: - Այն դեպքում, երբ 39 նկար կար, հայտնաբերվել է միայն 33 էսքիզ: Մերը կորած վեցից մեկն է»:
Տնօրենի խոսքով՝ Ռուբենսի երբեմնի վիթխարի աշխատանքի այս կտորը XIX դարի վերջից պահվել է մի ընտանիքում, որը չի կասկածել կարմիր-սպիտակ զգեստով քրիստոնյա նահատակ Մարգարիտա Անտիոքցու եւ վիշապի պատկերի իրական արժեքը, մինչեւ կտավը փորձաքննության են տվել ժառանգությունը կիսելու գործընթացի ժամանակ: Այն մասին, թե նրանցից առաջ ով է եղել աշխատանքի տերը, տեղեկություններ չկան, սակայն Դեգինեն շեշտել է, որ իր ժամանակին Ռուբենսը հրաժարվում էր էսքիզները վաճառել՝ դրանք չափից ավելի արժեքավոր համարելով:
Արվեստի բուն գործը մինչեւ մեր օրեր չի հասել: Նկարները, որոնցով զարդարված էին եկեղեցու կամարները, ոչնչացել են 1718 թվականի հրդեհի ժամանակ:




























