Երկքաղաքացիություն ունեցող Նազենի Ղարիբյանի պետական պաշտոն զբաղեցնելը օրենքի խախտում չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով փաստին, որ մշակույթի փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երկքաղաքացի է:
«Այստեղ օրենքի խախտում պետք է որ չլինի, որովհետեւ նախարարի պաշտոնն է, որ թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունենալ: Փոխնախարարի պաշտոնը թույլ է տալիս երկքաղաքացիություն ունենալ եւ տիկին Ղարիբյանը դե յուրե փոխնախարար է: Մենք ունենք այլ փոխնախարարներ, որ երկքաղաքացի են:
Կարծում եմ, սա նուրբ հարց է: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ Սփյուռքի ներկայացուցիչներին հետագայում ուզում ենք ավելի շատ ներգրավել մեր հասարակական քաղաքական կյանքին, ես համոզված եմ, որ այստեղ նաեւ որոշակիորեն քաղաքականության վերանայման կարիք ունենք, որովհետեւ Սփյուռքի շատ ներկայացուցիչների համար երկքաղաքացիությունն ուղղակի խոչընդոտ կարող է հանդիսանալ այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար»,- ընդգծեց Ավինյանը:





























