Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը արդյունավետ էր այն իմաստով, որ հայկական կողմը կարողացավ բանակցային գործընթացի այս փուլում գերակշիռ դարձնել իր ռազմավարությունը: Ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանը հիշեցրեց, որ սա առաջին պաշտոնական հանդիպումն էր, նախորդները ոչ պաշտոնական էին, անցկացվել էին վերելակներում եւ այլ վայրերում:
Թեեւ այդ հանդիպումներն էլ էին կարեոր. գոնե այն պատճառով, որ հոկտեմբերից հետո հակառակորդի կրակոցներից սահմանին զինվորներ չէին զոհվում:
Այս պաշտոնական հանդիպումը կողմերը դրական եւ կառուցողական են գնահատել:
«Իմ գնահատականը՝ սա հայկական կողմի համար արդյունավետ հանդիպում էր այն իմաստով, որ նա կարողացավ բանակցային գործընթացի այս փուլում գերակշիռ դարձնել իր ռազմավարությունը», - նշեց Մեհրաբյանը:
Նրա խոսքով, Հայաստանում իշխանությունները արտաքին թշնամու կարիք չունեն իրենց լեգիտիմությունն ապահովելու համար: Ընդհակառակը, ադրբեջանական քաղաքականությունը կառուցվում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի վրա, եւ, հետեւաբար, հայկական կողմը չպետք է անտեղի պատրանքներ ունենա:
«Հայկական կողմի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Հանդիպումը նշանավորում է նոր եւ հայկական կողմի շահերից բխող փուլով, որը շարունակություն է ունենալու:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչպես նշված է համատեղ հայտարաությունում, շարունակել հանդիպումները, հումանիտար քայլեր ձեռնարկել, որոնց էության մասին մենք կարող ենք միայն ենթադրել: Բարձրանում է ապագայում առաջին հիպոթետիկ կրակոիցի քաղաքական գինը: Իհարկե, հայկական կողմն առաջինը չի սկսի», - կարծում է Մեհրաբյանը:
Նրա խոսքով Հայայստանը որոշակի ժամանակահատված ունի շունչ առնելու եւ ներքին բարեփոխումներն ակտիվացնելու, նախկին իշխանությունների թողած ժառանգությունը շտկելու եւ ներքին կայունության ռեսուրսները բարձրացնելու համար: Պատկերավոր ասած՝ Հայաստանը սպիտակներով է խաղում:





























