Ժամանակն է դադարեցնել կրթության եւ մշակույթի ոլորտում մասնագետներին ազատելու արատավոր պրակտիկան: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ մեկնաբանելով մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշումը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին: Նրա խոսքով՝ Օրբելյանը վայելում է կոլեկտիվի հարգանքը, նա համաշխարհային մեծություն է, եւ գրչի մի ինչ-որ հարվածով նման որոշում ընդունելն ուղղակի անթույլատրելի է: Ընդ որում՝ այս որոշումն ընդունում է մարդ, որն Ազգային ժողովում ելույթ ունենալիս անգամ չի կարողանում պատասխանել ամենատարրական հարցերին:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Իվետա Տոնոյանն, իր հերթին, մշակույթի եւ արվեստի ոլորտում ընթացողն անվանեց դեգրադացիա՝ հավելելով, որ դրանք անթույլատրելի են: «Ցանկացած հարց կարելի է լուծել բանակցությունների եւ փոխզիջումների ձեւաչափով»,- եզրափակեց Տոնոյանը: