Իրանում հայտարարվել է 2009-ին Ղազվինի մոտ «Կասպիան» ավիաընկերությանը պատկանող ՏՈՒ-154 օդանավի ավիավթարի պատճառը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրանական ԻՌՆԱ գործակալությանը:

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության թռիչքների անվտանգության հարցերով փոխնախագահ Հոսեյն Հաբիբի Ահզունը հայտնել է, որ աղետի պատճառը եղել է շարժիչներից մեկի խափանումը:

«Թռիչքի ժամանակ շարժիչի կոմպրեսորներից մեկն անջատվել է, որի պատճառով ընդհատվել է վառելիքի մատակարարումը դեպի շարժիչ, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել»,- հաղորդել է Հաբիբի Ահզունը: Նրա խոսքով, դեպքի վայրում հայտնաբերված «սեւ արկղերը» լրջորեն վնասված են եղել, եւ դրանք վերականգնելու համար ստիպված են եղել ուղարկել Ռուսաստան: Բացի այդ, մասնագետների խմբերը 11 անգամ եղել են ողբերգության վայրում` նախքան ամփոփիչ եզրակացություն հայտնելը:

Նշենք, որ 2009թ. հուլիսի 15-ին «Կասպիան» ավիաընկերությանը պատկանող ՏՈՒ-154 օդանավը, որն իրականացնում էր Թեհրան-Երեւան չվերթը, կործանվել էր Թեհրանից 200 կմ հեռավորության վրա` Ղազվինի մերձակայքում: Զոհվել էին ինքնաթիռում գտնվող 168 անձինք` 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամներ: Նրանք հիմնականում Իրանի եւ Հայաստանի քաղաքացիներ էին:

Երկու շաբաթ առաջ Իրանում լիովին արգելվել է ՏՈՒ-154 ինքնաթիռների շահագործումը: