Արեւելյան գործընկերություն նախաձեռնությունը որեւէ երկրի դեմ դավադրություն չէ: Ապրիլի 4-ին Երեւանում ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ աշխարհում դեռեւս կան մարդիկ եւ գործընկերներ, որոնք նախաձեռնությունը որոշակի դավադրություն են համարում:
«Եվրոպայում արդեն զգում են Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության արդյունքները: ԱԳ շրջանակում իրականացվող բազմաթիվ նախագծեր վկայում են հակառակի մասին: ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրերը, վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ աշխատանքները հանդիսանում են համագործակցության վառ օրինակ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի շահերը», - ասաց դեսպանը:
Սվիտալսկին հավելեց, որ ԱԳ ինչպես հարավային ուղղությունը, այնպես էլ արեւելյան ուղղությունը կարեւոր հենարաններ են ԵՄ-ի համար: Նա հիշեցրեց Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ծրագրի իրականացման ծրագրերը` տրանսպորտային միջանցքների համակարգի, որը կոչված է վերացնել Եվրոպական միության սահմաններին եւ ԵՄ երկրների միջեւ հաղորդակցության բացերը: «Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 13 մլրդ եվրո է», - ասաց եվրոպացի պաշտոնյան:
Պյոտր Սվիտալսկին նշեց նաեւ կրթության ոլորտում համագործակցության կարեւորությունը, մասնավորապես, Էրազմուս + ծրագրի իրականացումն ուղղված է կրթության եւ ուսուցման համակարգերի արդիականացման ու կայուն զարգացման հետագա աջակցությանը, երիտասարդական քաղաքականության եւ սպորտի զարգացմանը, ինչպես նաեւ Թբիլիսիում եվրոպական դպրոցի գործունեությանը:
«Խնդիրներից մեկը, որի ուղղությամբ ԵՄ-ն կաշխատի ԱԳ շրջանակում ժողովրդագրության հարցեր են: Այդ հարցով մենք պատրաստ ենք առաջարկներ լսել», - ասաց նա:
Սվիտալսկին ընդգծեց, որ Արեւելյան գործընկերության տարբեր երկրներ տարբեր ձեւաչափերի համագործակցություն են ակնկալում, ինչը, իհարկե, հաշվի կառնվի Եվրամիության կողմից այս կամ այն նախագծերի նախաձեռնության ժամանակ:
Հիշեցնենք, որ 2019-ին Արեւելյան գործընկերությունը նշում է իր 10-ամյակը: ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ եւ ակցիաներ:




























