Հայաստանը առավելագույնս թափանցիկ արտաքին քաղաքականություն է վարում: Ապրիլի 4-ին Երեւանում ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ եվրոպական դեպարտամենտի ղեկավար Տիգրան Սամվելյանը:
Նրա խոսքով, Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ եւ ԱլԳ մասնակից, պատրաստ է կամուրջ դառնալ գործընկերների միջեւ: «Բոլոր ներգրավված կողմերը հետաքրքրություն են հայտնել հնարավորության կապակցությամբ», - վստահեցրեց նա:
Սամվելյանը շեշտեց, որ հայկական կողմը բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել ռուս գործընկերների հետ, որոնց ընթացքում բացատրել է եվրոպական երկրների հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին իր դիրքորոշումը: Միեւնույն ժամանակ ԱԳՆ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը ուղղված չէ որեւէ մեկի, այդ թվում, Ռուսաստանի դեմ:
Անդրադառնալով Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի շրջանակներում ակնկալվող բարեփոխումներին՝ Տիգրան Սամվելյանը նշեց, որ դրանք Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են եւ ուղղված են հասարակական կյանքի տարբեր ոլորտների արդիականացմանը: Միաժամանակ նա նշեց ԱլԳ երկրների նկատմամբ տարբերակված մոտեցման կիրառման կարեւորությունը ծրագրերի իրականացման շրջանակում, ինչը կապահովի դրանց արդյունավետությունը:





























