Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը կառավարոթյան հերթական նիստին ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց` արտաքին գործերի նախարարությունից ՀՀ նախագահի եւ ԱԺ աշխատակազմի գործողումների եւ հանրային պաշտոններ զբաղեցնելու դեպքում դիվանագիտական ծառայողների կարգավիճակը»,-ներկայացրեց նա:

Վարչապետը կարեւորեց այս նախագիծն այն առումով, որ կառավարությունը գործուղված պաշտոնյաների միջոցով պետք է ապահովի արտաքին քաղաքական գործողությունների միասնականությունը, եւ այդ քաղաքականությունն իր բոլոր դրսեւորումներով պետք է համապատասխանի կառավարության որդեգրած քաղաքականությանը:

«Ակնհայտ է, որ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն, երկրում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը մշակում եւ վարում է կառավարությունը, եւ պետական բոլոր մարմիններն իրենց արտաքին քաղաքական բոլոր շփումներում պետք է հստակ մնան այս շրջանակի մեջ»- ասաց վարչապետը: