Թուրքիայի խորհրդարանի նորընտիր նախագահ Մեհմեդ Ալի Շահինը պատրաստվում է վաղը՝ սեպտեմբերի 25-ին պաշտոնական այցով մեկնել Ադրբեջան:

Իր այցի նախօրյակին թուրքական խորհրդարանի նախագահը, ինչպես հաղոդրում է «Hurriyet» թերթը, թուրք լրագրողներին հայտարարել է, թե Թուրքիան միշտ եղել եւ մնալու է Ադրբեջանի կողքին եւ որեւէ դեպքում չի վիրավորի իր ադրբեջանցի եղբայրներին: Միեւնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, թե նրա այցի ժամանակ ուշադրության կենտրոնում են լինելու հայ-թուրքական մերձեցման բանակցությունները:

Ավելի վաղ Ալի Շահինը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հույս էր հայտնել. «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն: Թուրքիան ոչ մի դեպքում չի վնասի Ադրբեջանի շահերը: Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք»,- ասել էր նա: