Մեքսիկայում Կուբայի քաղաքացին իրեն «խաչել» է որպես Մեքսիկայի իշխանությունների կողմից իր հայրենակիցների հնարավոր վտարման դեմ բողոքի նշան, հայտնում է Excelsior պորտալը:
Դենիս Էռնանդես Վարոնան Տապաչուլա քաղաքում 2 միգրանտի օգնությամբ իրեն կապել է փայտե խաչին. այս քաղաքով են անցնում ԱՄՆ ուղղվող միգրանտների գրեթե բոլոր քարավանները:
Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է կյանքը տալ, որպեսզի իր հայրենակիցները միգրացիոն իշխանություններից երկրի տարածքով դեպի ԱՄՆ անցնելու թույլտվություն ստանան, այլ ոչ թե Մեքսիկայի դաշնային ոստիկանության օդանավով վտարվեն Կուբա: Ի նշան բողոքի նա 2 շաբաթ առաջ նաեւ հացադուլ էր հայտարարել:
Միգրանտների քարավանները, որոնց բացի Կենտրոնական Ամերիկայի երկրների միգրանտներից, միանում են նաեւ այլ երկրների քաղաքացիներ, սկսել են դեպի ԱՄՆ շարժվել անցյալ տարվա աշնանից: Արդյունքում ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին մի քանի հազար միգրանտ է կուտակվել: ԱՄՆ իշխանությունները սահման են ուղարկել մի քանի հազար զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար:




























