«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ակցիա իրականացնողների և ոստիկանների միջև քաշքշուկի հետևանքով ոստիկանություն է տարվել մեկ քաղաքացի։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացին ոստիկնություն է բերվել վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182–րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝  այն է ՝  ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

«Սպայկայի» զարգացման գծով տնօրեն  Կարեն Բաղդասարյանն էլ  դատարանի բակում բողոքի ակցիա իրականացնող ընկերության աշխատակիցներին տեղեկացրեց, որ  Երեւանի փոխոստիկանապետը խոստացել է, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն։

Նա միաժամանակ հորդորեց ակցիայի մասնակիցներին ոչ իրավաչափ գործողություններ չկատարել։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու  երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Այս որոշումից հետո ընկերության աշխատակիցները   փակեցին Տիգրան Մեեծի պողոտան՝ պահանջելով հանդիպում ՆԻկոլ Փաշինյանի հետ։

Դավիթ Ղազարյանին տեղափոխող ավտոմեքենան դատարանից դուրս բերելուց հետո քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ: