Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Պաատա Դավիթայան պնդում է, որ աբխազական Օչամչիրա նավահանգիստ են մտել ռուսական սուզանավեր, որը Մոսկվան ցանկանում է վերակառուցել իր սեւծովյան նավատորմի տեղակայման համար։ Ըստ Դավիթայայի, այն շրջան, որը Վրաստանը մինչ այժմ համարում է իր տարածքային ջրերը, մտել են ընդհանուր առմամբ ռուսական երեք սուզանավեր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվան աբխազական ծովային սահմանի պահպանության համար ուղարկել է պահակային մոտորանավակներ ու «Նովոռոսիյսկ» նավը։ Վրաստանում դա գնահատել են որպես միջազգային նորմերի խախտում։ Նախօրեին Թբիլիսին հայտարարել է Համբուրգի միջազգային ծովային դատարան հայց ներկայացնելու մտադրության մասին։ Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել «վրացական տարածքային ջրերի աբխազական հատվածում Ռուսաստանի Դաշնության ռազմական նավերի» առկայության կապակցությամբ։

Մինչդեռ, Մոսկվայում հայտնել են, որ Պաատա Դավիթայայի պնդումները «շատ հեռու են իրականությունից»։ «Օչամչիրում ռուսական սուզանավեր չկան»,-լրագրողներին վստահեցրել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։