Բրիտանական Ուայթ կղզում խարդախ կինը հիվանդ երեխայի բուժման համար դրամահավաք է կազմակերպել, իսկ հետո փախել՝ իր հետ տանելով փողերը՝ հայտնում է Metro-ն։
36-ամյա Սյու Բաքսթերի երեքամյա դուստրը տառապում էր պարկինսոնիզմով եւ հատուկ մահճակալի կարիք ուներ։ Երբ կինն այդ մասին գրել է Facebook-ում, նրա հետ կապվել է 50-ամյա Թրեյսի Սմիթը, որն առաջարկել է բարեգործական աճուրդ կազմակերպել։
Դրամահավաքին մասնակցել են տեղի բնակիչները, ընդհանուր առմամբ հավաքվել է 3 000 ֆունտ սթեռլինգ։ Աճուրդի ավարտից հետո Սմիթը հրաժարվել է գումարը տալ երեխայի մորը։ Նա խուսափել է հանդիպումներից, իսկ հետո դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։
Ոստիկանության խորհրդով Բաքսթերը ոչ ոքի այդ մասին չի պատմել եւ չի կարողացել բացատրել վրդովված հարեւաններին, թե որտեղ են փողերը։ Բոլորը մտածել են, թե նա գրպանել է գումարը։
Ձերբակալությունից հետո Սմիթը խոստովանել է, որ հավաքված գումարը յուրացրել է։ Դատարանը նրան դատապարտել է 12 ամսվա պայմանական ազատազրկման։ Բացի այդ, նա ստիպված կլինի վերադարձնել գողացած գումարը։




























