Բրազիլիայի բանակի տասը զինծառայողներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ կրակել են ընտանեկան ավտոմեքենայի վրա՝ հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ նրանք ավտոմեքենայի ուղղությամբ 80 կրակոց են արձակել, որի հետեւանքով սպանվել է 46-ամյա տղամարդ։ Միջադեպը բողոքի ալիք է բարձրացրել։
Այն տեղի է ունեցել կիրակի օրը։ Էվալդո Դոս Սանտոս Ռոսան իր 7-ամյա երեխայի, կնոջ, նրա խորթ հոր եւ էլի մի կնոջ հետ գնում էր մանկական միջոցառման, երբ զինվորները սկսել են կրակել ավտոմեքենայի վրա։
Ռոսան մահացել է, իսկ նրա կնոջ խորթ հայրը եւ մի անցորդ, որը փորձել է օգնել ընտանիքին, վիրավորվել են։
Սկզբում բանակը հայտարարել էր, թե զինվորների գործողություններին ի պատասխան ավտոմեքենայից նույնպես կրակել են, սակայն ոստիկանները մեքենայի մեջ զենք չեն գտել։
Այժմ կալանավորված զինծառայողներին կդատեն սպանության համար։
Երկրի ԶՈՒ-ն հայտարարել է, որ զինվորականները սխալմամբ կարծել են, թե ավտոմեքենայում հանցագործներ են։




























