ՀՀ մշակույթի նախարարությունից, Երեւանի քաղաքապետարանից եւ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երեւան քաղաքի Արամի փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող եւ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Արամի փողոցի 9 հասցեի շենքը քանդվել է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից տրամադրված քանդման թույլտվությունների եւ ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության եւ օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում:
Մինչդեռ, «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով արգելվում է հանրապետական նշանակության հուշարձանների քանդումը:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ այդ կերպ ծանր հետեւանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:



























