Դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանը նորմալ է համարում, որ «Ժառանգություն» կուսակցության անդամները չեն միանում դաշնակցականների՝ նախաստորագրված արձանագրություններում փոփոխություն կատարելու համար ծավալած բողոքի գործողություններին։

Ըստ Առաքելյանի՝ «Ժառանգությունն» ունի իր կամքը, եւ դա իրենց որոշելիքն է, թեեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրեց առաջարկվող փոփոխությունների տակ։

«Ժառանգության» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ իրենք գործողությունների իրենց ծրագիրն ունեն։ Նրանք նախաձեռնել են հոկտեմբերի 1-ից խորհրդարանական լսումներ սկսել, առաջարկել են կառավարությանը՝ անցկացնել հանրաքվե նախաստորագրված արձանագրություններին եւ նախագահին անվստահություն հայտնելու վերաբերյալ, դիմել են Սահմանադրական դատարան՝ որպես պետական մարմնի, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի հիման վրա քննարկում կազմակերպելու համար, որտեղ արձանագրության վերաբերյալ կտրվի գնահատական։

Ռուզան Առաքելյանը, սակայն, մեղադրեց Փոստանջյանին, որ նա իբրեւ պատգամավոր ոչինչ չի անում կանխելու վտանգները, որոնք ինքն էլ բարձրացնում է։

Իր հերթին էլ Փոստանջյանը նկատեց, որ եթե ժողովուրդը դաշնակցական առաջնորդների նկատմամբ ավելի շատ վստահություն տածեր, այսօր նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելու դաշնակցության կազմակերպած ստորագրահավաքին ավելի շատ մարդ կմասնակցեր։