Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը վերջերս է վերադարձել Հնդկաստանից, ուր արշավախմբով մեկնել էր հայ համայնքի հուշարձանների ուսումնասիրության նպատակով։ Այս մասին նա ասաց մարտի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կարապետյանի խոսքով 6 հոգանոց արշավախումբը եղել է Հնդկաստանի երբեմնի հայաշատ բոլոր քաղաքներում՝ Ագրայում, Բենարեսում, Կալկաթայում, Մադրասում եւ Դելիում։ «Մեկ ամսից մի փոքր պակաս ժամկետում Հնդկաստանում հաշվեցինք եւ չափագրեցինք 10 կանգուն հայկական եկեղեցիներ։ Իսկ ընդհանրապես, Հնդկաստանում հայկական գաղթօջախի թողած հուշարձանների թիվը մոտ է 4 հազարի»,- տեղեկացրեց հուշարձանագետը։

NEWS.am-ի հարցին, թե Հնդկաստան մեկնելու եւ ուսումնասիրություններ իրականացնելու համար որքա՞ն գումար է տրամադրել Մշակույթի նախարարությունը, Սամվել Կարապետյանն ասաց, որ շուրջ 7 հազար եվրո՝ միաժամանակ ավելացնելով, որ հայկական հուշարձանների ուսումնասիրության նպատակով յուրաքանչյուր տարի իրենց կազմակերպությանը հատկացվում է 60 մլն դրամ։

Հուշարձանագետը նշեց, որ Հնդկաստանի բազմամիլիոնանոց քաղաքներում իրենց խմբին բավական դժվար է եղել հայկական եկեղեցիներ, գերեզմանոցներ եւ կացարաններ գտնելը։ «Հայկական հուշարձաններ հեշտ չէր գտնել մի երկրում, ուր ավելի քան 200 տարի հայեր գրեթե չեն բնակվում։ 200 հայեր կային միայն Կալկաթայում, այն էլ՝ ոչ հայախոս։ Այդ քաղաքում կանգուն էին մնացել հայկական երեք եկեղեցիներ՝ Սուրբ Նազարեթ մայր եկեղեցին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ Սուրբ Աստվածածինը։ Երկրի հայկական մյուս եկեղեցիները, հայ բնակչության բացակայության պարագայում, ծառայում էին քրիստոնյա հնդիկներին, ընդ որում, հայկական բոլոր հուշարձաները պետական հոգածության ներքո էին»,- տեղեկացրեց հուշարձանագետը։

Նրա խոսքով, Հնդկաստանում հայտնաբերած հայկական հուշարձաններից ամենահինը 17-18-րդ դարի թվագրման է, ամենահին գերեզմանոցները՝ 1611 թվականի՝ առավելապես անգլերեն, պարսկերեն եւ նոր միայն  հայերեն արձանագրություններով։

Վերջում Սամվել Կարապետյանը նշեց, որ Հնդկաստան կատարած այցի մասին ֆիլմ է նկարահանվել, որը կցուցադրչվի մոտ ամիսներին։ «Հույս ունեմ, որ արդեն հաջորդ տարի Հնդկաստանում հայկական հուշարձանների մասին պատմող մի հատոր լույս կտեսնի»,- ասաց նա։

Նշենք, որ հայերը Հնդկաստան գաղթել են հիմնականում Նոր Ջուղայից՝ 15-րդ դարում։ Պորտուգալականից հետո հայ համայնքը եղել է երկրորդ քրիստոնեական խոշոր համայնքը։ Հայերի առաջին հանգրվանը եղել է Հնդկաստանի Սուրաթ քաղաքը։