Հայաստանն ի վերջո դուրս կմնա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Այս մասին հետևում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած զրույցից, գրում է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը:

«Նիկոլ Փաշինյանը հուզված էր: Եթե չհուզվեր, Վլադիմիր Պուտինին ընդառաջ գնալիս չէր մոռանա կոճկել պիջակը: Հետո, նրա հետ լրագրողների կողքով անցնելիս, տեսախցիկների առջև շտապողականությամբ չէր սկսի կոճկվել, երբ պետք էր ևս մեկ ձեռքսեղմում ֆիքսել: Ու վայրկյաններ անց՝ աթոռին նստելիս, նորից չէր ընկնի կոճակի հետևից ու հերթական անգամ չէր արձակի խեղճ պիջակը:

Վլադիմիր Պուտինը մեկը մյուսի հետևից թերթում էր բանակցությունների թեզերը և պատմում, որ Ռուսաստանը կողմ է «Հայաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը՝ հիմնվելով ռազմավարական գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա»», — իր տպավորություններով կիսվել է հոդվածագիրը:

Լրագրողի կարծիքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը տարբեր կերպ են պատկերացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա մասնակցությունը: Պուտինը դարձյալ կոչ է արել Երևանին կողմնորոշվել արտաքին տնտեսական վեկտորի հարցում՝ Եվրոպական միությանն անդամակցելու ձգտման ֆոնին:

«Դուք լավ գիտեք ռուսական դիրքորոշումը. Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ երկրի և ժողովրդի բնական ու օրինական իրավունքն է: Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հենց հայ ժողովուրդն է որոշում իր զարգացման ուղին», — հայտարարել է Պուտինը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԵՄ-ի հետ մերձեցումը խնդիրներ է ստեղծում ԵԱՏՄ-ին զուգահեռ մասնակցելու համար և կարող է «զրոյացնել հանրապետության առավելությունները ԵԱՏՄ շուկայում ու քանդել ձևավորված առևտրային կապերը»:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվան կկարգավորի իր առևտրատնտեսական քաղաքականությունը՝ կախված Երևանի որոշումից, և կոչ է արել Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ կողմնորոշվել:

Փաշինյանն առարկել է, որ Հայաստանը դեռևս հայտարարություն չի արել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Նրա խոսքով՝ հանրապետության իշխանությունները վերլուծել են պայմանագրային բազան և «չեն գտել որևէ խախտում այն պարտավորությունների մասին, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության առջև»:

Վարչապետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված է կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգ՝ գործընկերներին վեց ամիս առաջ նախապես տեղյակ պահելով։ «Մենք այս պահին մեր գործընկերներին չենք հայտնել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մտադրության մասին», — նշել է Փաշինյանը։

Առանձին անդրադառնալով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենք ընդունելու խորհրդարանի որոշմանը՝ վարչապետը պարզաբանել է, որ դա չի նշանակում անհապաղ դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է պահպանել ընտրության հնարավորությունը, քանի որ «այս պահին մենք այլընտրանք չունենք, դա իրականում ստեղծված չէ»։

«Երբ ստեղծվի, եթե ստեղծվի, այն ժամանակ էլ, անշուշտ, ընտրություն կկատարենք՝ հանրաքվեով, թե առանց դրա», — ասել է Փաշինյանը։

Պուտինը համամիտ չի եղել այս մոտեցման հետ․ «Այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգ սկսող օրենքի ընդունումը փաստացի նշանակում է մեր միությունից դուրս գալու հայտարարություն, որովհետև միաժամանակ թե՛ այնտեղ, թե՛ այստեղ լինելն անհամատեղելի է։ Խնդիրը հենց սա է», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաև առաջարկել է հարցը հանրաքվեի դնել․ «Համամիտ եմ, որ ժողովուրդը միշտ պետք է ընտրելու հնարավորություն ունենա։ Դե ուրեմն կատարե՛ք այդ ընտրությունը և փակենք թեման։ Վերջ։ Ամենապարզ ճանապարհը մարդկանց դիմելն է ու հարցնելը՝ ի՞նչ եք ուզում, ա՞յսպես, թե՞ այնպես։ Վերջ»։

Այնուամենայնիվ, Փաշինյանը հասկացրել է, որ առաջիկայում նման հանրաքվե անցկացնելու մտադրություն չունի։ Նրա խոսքով՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցը դեռ «հասունացած չէ», և Հայաստանի համար իրական այլընտրանքը դեռ ձևավորված չէ։

Այսպիսով, ինչպես նկատում է Կոլեսնիկովը, կողմերն ըստ էության տարբեր կերպ են ընկալում իրավիճակը․ Երևանը գտնում է, որ դեռ պահպանում է ԵԱՏՄ-ին անդամակցությունը և լոկ դիտարկում է եվրոպական ուղղությունը, մինչդեռ Մոսկվան ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու փաստացի սկիզբ։

«Կոմերսանտ»-ի հատուկ թղթակցի գնահատմամբ՝ զրույցից պարզ է դառնում, որ դեպի ԵՄ Հայաստանի շարժման և ԵԱՏՄ-ում անդամակցության պահպանման հարցում փոխհամաձայնության գալ չհաջողվեց։ Արդյունքում, Կոլեսնիկովը եզրակացրել է, որ Հայաստանը դուրս կմնա ԵԱՏՄ-ից։