Ավստրալացի բնապահպան Ռոբերտ Իրվինը արքայազն Ուիլյամի պատվին անվանել է 3,7 մետրանոց ծովային կոկորդիլոսի, որը դարձել է Սթիվ Իրվինի արգելոցի տարածքում իրականացվող հետազոտական նախագծի շրջանակում բռնված և պիտակավորված 300-րդ կենդանին, հաղորդում է Independent-ը։
Իրվինը՝ հայտնի ավստրալացի բնագետ Սթիվ Իրվինի որդին, սոցիալական ցանցերում ներկայացրել է Պրինց Ուիլյամ անունով կոկորդիլոսին։ Նա բացատրել է, որ որոշել է կենդանու անունը նվիրել բրիտանական գահի ժառանգին՝ ի նշան նրա վայրի բնության պաշտպանության ուղղությամբ կատարած աշխատանքի ճանաչման։
«Մենք ցանկանում էինք այս առանձնահատուկ ժամանակակից դինոզավրին անվանել Նորին Թագավորական Մեծություն Ուելսի արքայազնի պատվին», — հայտարարել է Իրվինը։
Կոկորդիլոսը դարձել է տեսակի 300-րդ ներկայացուցիչը, որին հետազոտողները բռնել են Ավստրալիայում այս սողունների լայնածավալ ուսումնասիրման ծրագրի շրջանակում։ Բռնելուց հետո գիտնականները կենդանիների վրա տեղադրում են հատուկ սարքեր և նրանց կրկին բաց են թողնում բնություն։
Արքայազն Ուիլյամին կհետևեն առաջիկա տասը տարվա ընթացքում։ Սենսորները հետազոտողներին թույլ կտան պարզել, թե ինչով է նա սնվում, որքան երկար կարող է մնալ ջրի տակ և ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում նրա մարմնի ջերմաստիճանի վրա։
Օգտագործվող պիտակների տեսակներից մեկը կենդանու գտնվելու վայրի մասին տվյալները փոխանցում է ակուստիկ ազդանշանի միջոցով, որը ֆիքսում են ափամերձ գծի երկայնքով տեղադրված ընդունիչները։ Այլ սարքեր մի քանի ամիսների ընթացքում գրանցում են սուզման խորությունն ու ջրի ջերմաստիճանը, որից հետո անջատվում են կոկորդիլոսից։
Ռոբերտ Իրվինը Earthshot Prize բնապահպանական մրցանակի դեսպանն է, որը հիմնադրել է արքայազն Ուիլյամը՝ գլոբալ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախագծերին աջակցելու համար։ Իրվինը նախկինում պատմել էր Ուելսի արքայազնի հետ իր ընկերության մասին և նրան անվանել էր պարզ ու բաց մարդ։
Ավստրալացի բնագետի խոսքով՝ արքայազն Ուիլյամը նույնիսկ զանգահարել էր իրեն Dancing With The Stars շոուի փորձերի ժամանակ՝ հաջողություն մաղթելու համար։ Իրվինը կատակով ասում էր, որ ապագա թագավորի համարը իր մոտ «արագ հավաքման» վրա է։




























