«Որեւէ իշխանություն Հայաստանում չի գնա հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրմանը, որովհետեւ իրականում այնտեղ կան նախապայմաններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն ու հավելեց. «Ապրիլին եղան հայտարարություններ, որ ոչ մի նախապայման չկա, աղմուկ բարձրացավ, որ կա պատմաբանների հանձնաժողով ստեղծելու խնդիրը, ՀՀ ամենաբարձր պաշտոնյաները հայտարարեցին, որ նման բան չկա, բայց այսօր բոլորի համար հասկանալի է, որ այդ նախապայմանները կան: Հայաստանի իշխանությունների ջղաձիգ քայլերից կարելի է հասկանալ, որ փորձում են նահանջել, բայց նահանջելը շատ ավելի վատ արդյունք է տալու»:

Նա համոզմունք հայտնեց, որ այդ արձանագրությունները չեն ստորագրվի, եւ Հայաստանում ներքին զարգացումները հենց դրան են տանում:

«Իշխանությունն է դրդում առանձին ուժերի գնալ այնպիսի քայլերի, որ թույլ տան չստորագրել արձանագրությունները: Դաշնակցությունը կառավարելի ուժ է եւ ուղղակի պատվերներ է կատարում, եւ դա գաղտնիք չէ»,- նշեց Բ. Ասատրյանը, ընդգծելով, «Թուրքիան հոկտեմբերին կբացի „ֆուտբոլային սահմանը“ եւ կարժնանա այն ծափահարություններին, որին արժանի է թուրքական դիվանագիտությունը, իսկ մենք լինելու ենք ծեծվածի վիճակում»: