Նյու Յուրքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խոսքի ժամանակ ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաեւ Եվրամիության երկրների պատվիրակությունները դուրս են եկել նիստերի դահլիճից։
Իր խոսքում Իրանի նախագահը պահանջել է դադարեցնել օտարերկյա ռազմական միջամտությունները Մերձավոր Արեւելքի երկրների գործերին։
Թեեւ Ահմադինեջադը անվանականորեն որեւէ մեկին չի մեղադրել, սակայն բոլորին պարզ է եղել, որ խոսքը ԱՄՆ-ի վարած քաղաքականության մասին է։
«Անթույլատրելի է, որ երկրները, որոնք գտնվում են հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, խառնվեն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի երկրների գործերին»,- ասել է Ահմադինեջադը՝ մեղադրելով արեւմտյան ուժերին ագրեսիա, արյունահեղություն, սպառնալիքիներ, սպանության եւ պատերազմական կոչեր տարածելու մեջ։
Իրանի նախագահի խոսքով, Իրաք եւ Աֆղանստան ներխուժումը իրականացվում էր թմրամիջոցների տարածման դեմ պայքարի եւ անվտանգության ապահովման կեղծ կարգախոսերով։ « Եւ ընդ որում, ճնշման տակ գտնվող այդ մարդկանց անվանում են ահաբեկիչներ»,-ասել է Ահմադինեջադը։
«Ագրեսորները եւ նրանց աջակցողները շարունակում են իրենց ճարտասանությունը մարդու իրավունքների վերաբերյալ, որպեսզի ճնշում գործադրեն ուրիշների վրա։ Անընդունելի է, որ խճճված միջոցների օգնությամբ փոքրամասնությունը գերիշխի քաղաքականության, մշակույթի եւ տնտեսության մեջ, որպեսզի այն ստրկության նոր ձեւեր առաջադրի եւ վնաս հասցնի այլ ազգությունների վարկանիշին, նույնիսկ եվրոպական երկրներին եւ ԱՄՆ-ի նկատմամբ իրականացնի իր ռասիստական պատվախնդությունը»: Իրանի նախագահի այս խոսքերից հետո ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Եվրամիության պատվիրակությունները դուրս են եկել դահլիճից։




























