«Համաճարակային իրավիճակը A/H1N1 վիրուսային վարակի (»խոզագրիպի") առումով դեռեւս շարունակում է մնալ լարված։ Համաճարակային իրավիճակը հանգիստ չէ նաեւ մեր տարածաշրջանում՝ դեպքեր են արձանագրվել ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւՎրաստանում ե՛ւ Իրանում",- այս մասին այսօր «Դե ֆակտո» ակումբում հայտարարել է առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գրիպի համաճարակաբանական հսկողության համակարգող Լիանա Թորոսյանը։

Մասնագետի խոսքերով՝ Հայաստանում, ի դեմս առողջապահության համաշխարհային կազմակերպության, պարբերաբար գործում է փոխտեղեկատվության համակարգը, որի միջոցով առողջապահության նախարարությունը տեղեկանում է, թե աշխարհում A/H1N1 վիրուսային վարակի առումով ինչպիսին է համաճարակային իրավիճակը։

«Հայաստանում, ի սկզբանե, ընթացիկ տարվա ապրիլից, ձեւավորեց շտաբ, որը համակարգում է այս գործընթացի ամբողջ աշխատանքները։ Պարբերաբար մշակվում են տեղեկատվական նյութեր, որոնք տրամադրվում են առաջնային բժիշկներին՝ զգոն լինելու եւ հիվանդությունը ճիշտ ախտորոշելու համար»,- ասաց նա եւ նշեց, որ պետական սահմանային անցակետերում ուժեղացվել է հսկողությունը ուղեւորների նկատմամբ։ Օրինակ, Զվարթնոց օդանավակայանում կա երկու ջերմացույց, եւ ապրիլ ամսից սկսած այդ սարքի միջոցով հայտնաբերվել են վեց ջերմող անձ, որոնք մեկուսացվել եւ տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց։ Նրանց նկատմամբ իրականացվել է լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում ստացել են համապատասխան ախտանշանային բուժում։

Այսօր հանրապետությունում առկա է «տամիֆլյու» պատրաստուկի անհրաժեշտ պաշար, որը տրամադրված է ինֆեկցիոն հիվանդանոցներին, ինչպես նաեւ պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության մարզային կենտրոններին: Գրիպի համաճարակաբանական հսկողության համակարգողի խոսքերով՝ AH1N1 վիրուսային վարակը կանխարգելելու բոլոր միջոցառումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

«Վերջին քննարկումների արդյունքում պարզվել է, որ խոզի գրիպի կանխարգելման նպատակով պատվաստանյութի սինթեզման աշխատանքները ավարտվել են։ Առողջապահության նախարարությունը դիմել է ԱՀԿ, ինչպես նաեւ ՌԴ-ի համապատասխան գերատեսչություններ, որ առաջին հնարավորության դեպքում երկիր ներկրի այդ պատվաստանյութը եւ սկսվեն կանխարգելիչ պատվաստումները խոցելի խմբերում»,- եզրափակեց նա։

Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության սեպտեմբերի 18-ի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում այսօր արձանագրված է մոտ 300000 դեպք, որոնցից 4000-ը մահացու ելք են ունեցել։