ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարն այրվել է այն տեղում, որտեղ հրդեհներ «հազվադեպ» են լինում, հայտնում է Mediaite-ը:
Թրամփի խոսքով՝ այն բանից հետո, երբ ինքը լքել է օդանավը եւ պաշտոնական այցով ժամանել Փարիզ, տեսել է, որ տաճարն այրվում է այն բարձրության վրա, որտեղ «հրդեհ հազվադեպ կտեսնես»: Նա հավելել է, որ իրավապահների վարկածով՝ բռնկումը տեղի է ունեցել վերականգնողական աշխատանքների պատճառով:
«Հույս ունեմ, որ հենց սա է պատճառը: Չէ՞ որ ամեն ինչ վերականգման պատճառով է եղել»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Նոթր Դամը մարդկության «մեծագույն գանձերից» մեկն է:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղի է ունեցել մոտ 18:50-ին: Հրդեհի հետեւանքով փլուզվել են ծայրաձողի վերին հատվածը, տաճարի ժամացույցը եւ ծածկի մեծ մասը: Նախնական տեղեկություններով՝ հրդեհն, ըստ երեւույթին, սկսվել է տաճարի վերին հատվածներում անցկացվող վերանորոգման աշխատանքների ընթացքում: Ֆրանսիայի ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունյեսը հայտարարել է, որ հրշեջներին հաջողվել է հասնել տաճարում կրակի թափի նվազեցմանը, սակայն կրակի մարումը դեռեւս շարունակվում է:





























