Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը, որը հայտնի է իր արդիական իրադարձությունների ծաղրանկարներով, երեքշաբթի թողարկվող ամսագրի շապիկին հրապարակել է այրվող Նոտր Դամը եւ քմծիծաղող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այրվող Նոտր Դամ. միայն այս երեքշաբթի կեսօրից Charlie Hebdo-ն թողարկվում է էլեկտրոնային տարբերակով եւ Փարիզի 50 կրպակներում», - նշվում է Twitter-ի էջում:

Կարմիր գույնի շապիկին գրված է  «բարեփոխումներ» եւ պատկերված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծաղրանկարը, որի գլխին այրվող Նոտր Դամ է պատկերված:

«Ես կսկսեմ հենակառույցից (տաճարի)», - ասում է Մակրոնը:

Charlie Hebdo-ն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներից հետո դարձել էր  Փարիզում ահաբեկչական հարձակման թիրախ: 2015 թ. հունվարի 7-ին խմբագրության վրա հարձակման ժամանակ զոհվել էր 12 մարդ, այդ թվում`երկու ոստիկան:

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։