Երեւանում համատիրությունների աշխատանքը գումարների հավաքագրումից մինչեւ արդյունավետ տնօրինում պետք է վերահսկեն իրենք` շենքերի բնակիչները: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանն ընդգծել է, որ թերացումների զգալի մասի պատճառը, մայրաքաղաքի շատ բազմաբնակարանների սեփականատերերի իրենց իրավունքների եւ պարտավորությունների մասին ոչ լիարժեք տեղեկացվածությունն է: Ուստի, հարկ է առավել ինտենսիվ աշխատանք տանել այդ ուղղությամբ, որպեսզի գործնականում այս դաշտում լինի շոշափելի արդյունք:
Անդրադառնալով Երեւան քաղաքի հանրակրթության զարգացման 2011-2015թթ.-ի ծրագրին ու Երեւանի հանրակրթության զարգացման նոր հայեցակարգին, քաղաքապետը կարեւոր է համարել հանրակրթական դպրոցներում հոգաբարձուների խորհուրդների ձեւավորումը, դպրոցներում էլեկտրոնային կայքերի ստեղծումը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծում ստանան: Դպրոց մտնող յուրաքանչյուր կամավոր վճարում պետք է թափանցիկ ու հասկանալի լինի բոլորի համար. «Սա է խաղի կանոնները, որպեսզի վերականգնվի վստահությունը դպրոցի եւ ուսուցչի հանդեպ, որովհետեւ այն այսօր ցածր մակարդակի վրա է»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետի կողմից դարձյալ խիստ եւ հետեւողական վերահսկողության պահանջ է դրվել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողների նկատմամբ. «Մենք կառուցապատողին, որն իր պարտականությունները չի կատարում, պետք է ենթարկենք վարչական պատասխանատվության: Եվ այս մոտեցումը պետք է կիրառվի անխտիր բոլոր խախտողների նկատմամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Այս համատեքստում քաղաքապետը մեկ անգամ եւս ուշադրություն է հրավիրել տնտեսավարողների կողմից վարձակալած տարածքների հարակից հատվածները բարեկարգելու եւ կանաչապատելու խնդրին, հավելելով, որ այս մասով եւս պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները պետք է համապատասխան տույժի ենթարկվեն, ընդհուպ մինչեւ վարձակալության պայմանագրերի դադարեցում:
Այս առումով Կարեն Կարապետյանն առանձնացրել է նաեւ Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը, որին պարտավոր են իրենց գործուն մասնակցությունն ունենալ նաեւ կիրճում գործող օբյեկտները:





























