Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած պահանջը` թոշակների եւ նպաստների ավելացման մասին, անիրատեսական է գործող բյուջեի պայմաններում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Հակոբ Հակոբյանը:

«Նման պահանջ  դնելուց առաջ  թող նա հիշի, թե որքան էր իր ժամանակ թոշակների եւ նպաստների չափը: Իր ժամանակ առավելագույն կենսաթոշակը մոտ 2500 դրամ էր: Այս տվյալը համեմատեք ներկա տվյալների հետ եւ պատկերը պարզ կդառնա»,-նշեց Հակոբյանը: Նա նաեւ հավելեց, որ որեւէ առաջարկ անելուց առաջ «նախ պետք է ապահովել պետական բյուջեում եկամուտների հավաքագրման աղբյուրները, հետո նոր որոշել գումարների ծախսման ուղղությունները»:

«Ես չեմ ասում, որ թոշակները նորմալ են, ես ասում եմ` թոշակները բարձրացնելուց առաջ պետք է ճշտել կենսաթոշակային քաղաքականությունը»,-նկատեց խորհրդարանականը:

Ինչ վերաբերում է սոցիալական բունտին, ինչի հավանականության մասին մեկ անգամ չէ, որ ահազանգում են ընդդիմադիր գործիչները,  Հակոբ Հակոբյանը նշեց, որ նման հեռանկարը հավանական չի համարում: Նա որպես հիմնավորում վկայակոչեց  World Street Journal-ի վերջին հետազոտությունը, որի տվյալներով Հայաստանում սոցիալական բունտի հավանականություն առկա չէ: Հակոբ Հակոբյանը, բոլոր դեպքերում, նշեց, որ Հայաստանում կան սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: «Ժամանակները փոխվել են, հարաբերությունները փոխվել են, եւ օրենքները, որոնք հիմնականում ընդունվել են 90-ական թվականներին, չեն համապատասխանում ներկա իրականությանը, քանի որ  այն ժամանակ առկա  տնտեսական, սոցիալական հարաբերություններն այլ էին, իսկ հիմա այլ է»,-հիմնավորեց Հակոբյանը` հավելելով. «Բունտի խնդիրը քաղաքական գործիչների խնդիրն է, թող իրենք էլ այդ որոշումը կայացնեն»:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ պահանջագրի 9-րդ կետում առաջարկել էր. «Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատերերի սիստեմատիկաբար չվճարվող հարկերը եւ բարձրագույն պետական պաշտոնյաների գրպաններում յուրաքանչյուր ամիս հայտնվող հսկայական գումարները լիուլի բավարար են այդ խնդիրները լուծելու համար»: