Եվրախորհրդի նախարարների կոմիտեն ասորերեն, եզդիերեն եւ քրդերեն լեզուներով ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպելու նպատակով Հայաստանին կոչ է արել համակարգված քաղաքականություն մշակել։
Եվրախորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Հայաստանում փոքրամասնությունների լեզուների իրավիճակի մասին երկրորդ զեկույցը, որում նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները կարող են օգտագործվել դատարաններում, եւ որ դատարաններն ու հասարակությունը իրազեկ են այս լեզուներն օգտագործելու իրենց իրավունքին։
«Հայաստանը նաեւ պետք է միջոցներ ձեռնարկի` բարելավելու ասորերենի եւ հունարենի առկայությունը ռադիոծրագրերում եւ ասորերենի, եզդիերենի եւ քրդերենի առկայությունը հեռուստատեսությամբ»,- ասված է զեկույցում։
Նախարարների կոմիտեն նաեւ հանձնարարել է պարզաբանել` արդյոք Հայաստանում կա՞ն տարածաշրջանային կամ այլ լեզուներ, բացի այն լեզուներից, որոնք մատնանշված են կոնվենցիայի փաստաթղթում։




























