Կանադայի քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ոստիկանի վրա հարձակման եւ ամերիկյան օդանավակայաններից մեկում հրաձգություն պլանավորելու համար։ Ընդ որում, դատարանում Ամորա Ֆտուխին հայտարարել է, թե ափսոսում է, որ հարձակման ժամանակ իր մոտ դանակ է եղել, այլ ոչ թե ինքնաձիգ՝ հայտնում է AP-ը։

Դատավորը հայտարարել է, որ Ֆտուխիի հայտարարությունը համոզել է իրեն, որ ցմահ ազատազրկումը ամենահարմար պատիժն է նրա համար։

2017թ․ հունիսին թունիսցին Ֆլինտի օդանավակայանում «Ալլահ Աքբար» գոչելով դանակով հարձակվել էր ոստիկանի վրա։

Քննիչներն ասել են, որ Ֆտուխին ուզեցել է ոստիկանից խլել ատրճանակը եւ կրակել օդանավակայանում գտնվող մարդկանց վրա։ Մինչ այդ նա փորձել է, սակայն չի կարողացել ատրճանակ գնել զենքի ցուցահանդեսում եւ դրա փոխարեն մեծ դանակ է գնել։

«Ափսոսո՞ւմ եմ արդյոք իմ արածի համար։ Երբե՛ք»,- դատարանում ասել է Ֆտուխին։

Թունիսցին հայտարարել է, որ լավ կրթություն է ստացել եւ շատ հմտություններ ունի, սակայն խտրականություն է զգացել Կանադայում, քանի որ ինքը սպիտակ քրիստոնյա չի։