Բրյուսելի թանգարանից գողացել են հայտնի բելգիացի նկարիչ-սյուռեալիստ Ռենե Մագրիտի «Օլիմպիա» կտավը։ Կտավը գնահատվում է 3 մլն եվրո։ Բելգիական ԶԼՄ-ների հաղորդմամբ, երկու զինված կողոպտիչներ առանց դիմակների ( նրանցից մեկը ասիական արտաքին է ունեցել) հինգշաբթի ներխուժել են թանգարան , դուրս են բերել աշխատակիցներին, ծնկի իջեցրել՝ նրանց վրա պահելով զենքը։ Մինչ հանցագործներից մեկը վերահսկել է դրսում, մյուսը մտել է ներս եւ գողացել նկարը։
Թանգարանի աշխատակիցների պատմելով, առեւանգիչները բռնություն չեն գործադրել եւ ոչ մի կրակոց չեն արձակել։ Ոչ ոք չի տուժել։ Նրանք հետիոտն հեռացել են թանգարանից, այնուհետեւ նստել ավտոբուս եւ գնացել անհայտ ուղությամբ։ Միայն այն բանից հետո, երբ նրանք հեռացել են տեսահորիզոնից, թանգարանի ցնցված աշխատակիցները գլխի են ընկել, որ պետք է ոստիկանություն կանչել։ Երբ ոստիկանությունը ժամանել է, հանցագործների հետքն էլ չէր մնացել։




























