Սիրիայի իշխանությունները վերականգնել են Պալմիրայի քաղաքային ենթակառուցվածքը։ Այս մասին ասել է երկրի զբոսաշրջության նախարար Մուհամեդ Ռամի Ռադվան Մարտինին՝ նշելով, որ այստեղ  կբացվեն բազմաթիվ հատուկ ձեռնարկություններ, որոնք կսպասարկեն զբոսաշրջիկներին։

«Իշխանությունները Պալմիրայում վերականգնել են էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, կոյուղին, եւ քաղաքը անտիկ հուշարձանների կողքին վերադարձել է բնականոն կյանքի»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Պալմիրան նախատեսվում է բացել զբոսաշրջիկների համար արդեն այս տարի։

Նախարարը նաեւ նշել է, որ այժմ կազմվում է Պալմիրայի հնագույն վայրերի ցուցակը միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցելու համար։ Սակայն հիմնական ավանդը վերականգնման գործում կատարում է սիրիական կառավարությունը, իսկ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Սիրիայում Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ճակատագրում հաճախ սահմանափակվում է միայն «տարբեր ցուցակների կազմմամբ»։ Ընդ որում՝ օգնություն Պալմիրային ցուցաբերում են կամավորները. վերջերս այստեղ աշխատանքն ավարտեց եվրոպացիների խումբը, որը զբաղվում էր ահաբեկիչներից տուժած Բելա տաճարով։

Ավելի վաղ զբոսաշրջության նախարարը համաշխարհային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին կոչ էր արել ակտիվորեն համագործակցել երկրի վերականգնմանը, «որովհետեւ հնագույն թաղամասերը, շինություններն ու արտեֆակտները ոչ միայն Սիրիայի, այլ նաեւ ամբողջ աշխարհի ժառանգությունն են»։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին եւ ՄԱԿ կազմակերպություններին նրանց ավանդի համար։

Պալմիրան Սիրիայի հնագույն քաղաքն է, որի միջով են անցել  հիմնական առեւտրային ճանապարհները, ներառյալ Մեծ մետաքսի ճանապարհը։ Պալմիրայի կողքին է գտնվում ոչ մեծ ժամանակակից քաղաք։ Պալմիրայի ճարտարապետական թանգարանային համալիրը ՅՈւՆԵՍԿՕ-ն ներառել է Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։ Պատերազմի ժամանակ հնագույն շինությունները մասամբ ոչնչացվել են ԴԱԻՇ զինյալների կողմից։ Այսպես, ոչնչացվել է Ալաթի առյուծի (1-ին դար) արձանիկը, պայթեցվել են Բելա տաճարը (1-ին դար) եւ Հաղթակամարը (2-րդ դար), ոչնչացվել են Տետրապիլոնը (3-րդ դար) եւ Հռոմեական ամֆիթատրոնի ճակատամասը (2-րդ դար)։