Էստոնիայի Խաապսալու քաղաքի մշակույթի պալատում մարտի 18-ին եւ 19-ին հայկական մշակույթի օրեր կանցկացվեն:
Մշակույթի օրերը կբացվեն համերգով, որին կմասնակցեն «Ատլաս» ժողովրդական երաժշտության անսամբլը, դաշնակահար Անդրանիկ Կեչեկը եւ հայկական կիրակնօրյա դպրոցի երգչախումբը։
Մշակույթի օրերի շրջանակներում կներկայացվեն էստոնահայ նկարիչ Արագած Կալաչյանի աշխատանքները եւ Հայաստանին նվիրված ֆոտոցուցահանդես։ Հնարավոր կլինի նաեւ տեղեկանալ բալթյան գերմանուհի եւ Էստոնիայի քաղաքացի Հեդվիգ Բյուլլի կյանքին վերաբերող հետաքրքիր մանրամասների մասին։ Նա 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո շատ հայերի կյանքեր է փրկել։ Ողջույնի խոսքով հանդես կգա Էստոնիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը, հայտարարում է etnoweb.ee-ն։
Մարտի 19-ին տուրիստական ինֆոժամի շրջանակներում հնարավոր կլինի տեղեկանալ Հայաստան կատարելիք այցերի մասին։ Այնուհետ կցուցադրվեն երեք կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից մեկը՝ Մարատ Սարգսյանի «Լեռնավանը», բազմաթիվ մրցանակներ են ստացել եվրոպական տարբեր կինոփառատոնների ժամանակ։ Բոլոր միջոցառումները անվճար կլինեն։





























