Ադրբեջանում մարտի 11-ին կայանալիք «Ցասման օրվա» նախօրեին այդ երկրում ձերբակալվել են երիտասարդական կազմակերպությունների արդեն հինգ ակտիվիստներ։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»։

Իրավապահ մարմիններն այդ ձերբակալությունները բացատրում են տարաբնույթ իրավախախտումներով։ Իսկ ընդդիմությունը եւ իրավապաշտպանները դա կապում են մարտի 11-ին  կայանալիք «Ժողովրդական օրվա» հետ։

Նույնանուն նախաձեռնող խումբը ստեղծվել էր Facebook սոցիալական ցանցում։ Այդ խմբին ներկայումս անդամակցում է 4 հազար մարդ։ Ակտիվիստներն ադրբեջանցի երիտասարդներին կոչ են անում մարտի 11-ին ամբողջ երկրում հակակառավարական ցույցեր անցկացնել։ Ակցիայի օրը նվիրված է եգիպտացի ցուցարարների հաղթանակի մեկամսյակին։

Առաջինը ձերբակալվել է 2010 թվականին պատգամավորական թեկնածու եղած, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Բախտիար Հաջիեւը։ Նրանից պահանջվել է չլքել Գյանջա քաղաքի սահմանները։

Ազգային ճակատ կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Դայանաթ Բաբաեւին 10-օրյա կալանքի են ենթարկել։

«Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպության ակտիվիստներ Սահավաթ Սլթանին եւ Ռաշադատ Աղաեւը եւս հնգօրյա կալանքի են վերցվել։

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, մարտի 10-ի գիշերը ձերբակալվել եւ ոստիկանական բաժանմունք են բերվել երկու երիտասադ ակտիվիստներ։ Եվս երկուսը ձերբակալվել են կարգախոսներ տպած մայկաներ վերցնելու պահին։