Ներկայումս ամբողջ աշխարհում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 20 տոկոսը, ինչը 24 տոկոսով պակաս է 2009 թ.-ի եւ միայն 1 տոկոսով ավել 2004 թ. տվյալներից: Նման տվյալներ են նշված «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» 2011 թվականի միջազգային գործարար զեկույցում:
Գրանթ Թորնթոնի՝ մասնավոր հատվածի ընկերությունների շրջանում յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող հետազոտությունը վկայում է նաեւ այն մասին, որ ղեկավար պաշտոններում ոչ մի կին չունեցող ընկերությունների թիվն աճել է մինչեւ 38 տոկոս` 2009 թ.-ի 35 տոկոսի համեմատությամբ:
Ղեկավար պաշտոններում կանանց թվի վերաբերյալ կազմված աղյուսակը գլխավորում է Թայլանդը (45%), որին հետեւում են Վրաստանը (40%), Ռուսաստանը (36%), Հոնկոնգը եւ Ֆիլիպինները (երկուսն էլ 35%): Ամենաստորին դիրքերում են Հնդկաստանը, Միացյալ Արաբական Էմիրություններն ու Ճապոնիան, որտեղ կանայք զբաղեցնում են ավելի պակաս, քան ղեկավար պաշտոնների 10 տոկոսը:
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 23 տոկոսը, անցյալ տարվա 29 տոկոսի համեմատ:
Նշենք, որ աշխարհի բոլոր երկրների տվյալներով կին ղեկավարներ ունեցող ընկերությունների 22 տոկոսում նրանք զբաղեցնում են ֆինանսական պաշտոններ (օրինակ՝ ֆինանսական տնօրենի): Հաջորդ ամենից շատ հանդիպող պաշտոններն են Մարդկային ռեսուրսների ղեկավարը (20%), Մարկետինգի պատասխանատուն եւ Վաճառքի գծով տնօրենը (երկուսն էլ 9%):
Հարցմանը մասնակից ղեկավար պաշտոններում կին աշխատակից ունեցող բոլոր ընկերությունների միայն 8%-ն ունի կին Գլխավոր տնօրեն:
Այդուհանդերձ, պատկերն այլ է ասիական երկրներում՝ Թայլանդ՝ 30% կին Գլխավոր տնօրեններ, Չինաստան՝ 19%, Թայվան 18% եւ Վիետնամ` 16%:




























