Նոր ռոբոտացված հոսքագիծը, որը բոլորովին վերջերս գործարկվել է SolarOn արեւային վահանակների հայկական արտադրողի արտադրամասում, ընկերության արտադրանքը կդարձնի ավելի որակյալ եւ մրցունակ ոչ միայն հայկական, այլեւ միջազգային շուկայում։

Իտալական Ecoprogetti ընկերության հոսքագիծը գործարկվել է ընթացիկ տարվա մարտին։ Ինչպես նշում է SolarOn-ի հիմնադիր Արթուր Ալավերդյանը, սա Հայաստանում առաջին ռոբոտացված հոսքագիծն է այս ոլորտում եւ նորագույններից ու արդիականներից մեկն աշխարհում։ Դրա շնորհիվ այս տարի, հիմնադրի խոսքով, ընկերությունն արդեն արտադրում է 3 անգամ ավելի շատ վահանակներ, քան անցած տարի. այսօրվա դրությամբ ընկերության արտադրական հզորությունը տարեկան ավելի քան 60 մեգավատ է։

«Մենք կարող ենք վստահաբար ասել, որ մեզ մոտ՝ Հայաստանում, այսօրվա դրությամբ կա արեւային վահանակների ամենաարդիական արտադրությունը»,- ասել է հիմնադիրը։

Ռոբոտն օգնում է մարդուն

Ռոբոտացված համակարգը ստանձնել է արտադրության գործընթացի բազմաթիվ գործառույթներ, որոնք մինչ այդ կատարում էին մարդիկ։

Արեւային վահանակներում օգտագործվող բջիջները շատ նուրբ են, փխրուն, ասում է հիմնադիրը՝ հետեւելով ռոբոտի աշխատանքին։ Մարդու համար նման դետալներով աշխատելը դժվար է, նա կարող է դրանք պատահաբար փչացնել, կոտրել, ավելին՝ մարդուն ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի ճիշտ դասավորի այդ դետալնեը։

Իսկ ռոբոտացված համակարգը գործում է անհավանական ճշգրտությամբ եւ զգուշությամբ, եւ դա անում է շատ ավելի արագ, քան ցանկացած մարդ։ Ավելին՝ համակարգն օգտագործում է դետալների կատարելագործված զոդում՝ վահանակների բջիջները չենթարկելով ոչ ջերմային, ոչ մեխանիկական սթրեսի։

Ռոբոտացված համակարգը մարդկանց օգնում է, բայց չի փոխարինում նրանց, ընդգծում է հիմնադիրը։

Ոչ մի մարդ առանց աշխատանքի չի մնացել ռոբոտի պատճառով. մարդիկ, ընդհակառակը, սկսել են ավելի արդյունավետ օգտագործել իրենց մտավոր ներուժը, եւ այդ ամենի շնորհիվ արտադրամասի արտադրողականությունը բարձրացել է 5-6 անգամ, թեեւ աշխատակիցների թիվը մնացել է անփոփոխ՝ 50 մասնագետ։

«Կան շատ «մեխանիկական» աշխատանքներ,- նշում է հիմնադիրը,- որոնք կարող են կատարել ռոբոտները, իսկ մարդիկ պետք է աշխատեն նոր լուծումներ որոնելու, ռոբոտներին ծրագրավորելու ուղղությամբ՝ բարելավելով եւ կատարելագործելով արտադրության գործընթացը։ Ես կարծում եմ, որ մարդու մտավոր ներուժը ավելի լավ է օգտագործել հենց այդ ուղղությամբ»։

Արտահանումը Եվրոպա

Իտալական Ecoprogetti ընկերության հոսքագիծը ոչ միայն օպտիմալացնում է արեւային վահանակների արտադրության գործընթացը, այլեւ արտադրողների առջեւ բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում։ Դրա շնորհիվ SolarOn-ում սկսել են արտադրել նոր, էլ ավելի նորարարական տարատեսակներ, եւ ամբողջ արտադրությունն է դառնալու մրցունակ թե՛ որակով, թե՛ գնով։

Այսօրվա դրությամբ SolarOn վահանակները վաճառվում են Հայաստանում եւ արտահանվում Վրաստան, Ուկրաինա եւ Ռուսաստան:

Այժմ ընկերության մասնագետները աշխատում են նաեւ Եվրոպայի երկրների համար իրենց արտադրանքի համապատասխանության հավաստագրի ստացման ուղղությամբ: Ընկերության վահանակները վերջերս փորձարկել են Գերմանիայի Ֆրաունգոֆերի ինստիտուտում եւ արժանացել բարձր գնահատականների:

Ըստ հիմնադրի, հայկական արտադրանքը, լիովին մրցունակ կլինի եվրոպական շուկայում: Այն կարող է մրցակցել անգամ չինական արտադրանքի հետ՝ եւˊ գնի, եւˊ որակի առումով:

Բացի այդ, SolarOn-ը կարող է եվրոպական շուկային նաեւ նոր եւ հետաքրքիր արտադրանք ներկայացնել. օրինակ նոր լուծումներ BIPV (Building-integratedphotovoltaics) ոլորտում. դրանք վահանակներ են, որոնք ի սկզբանե ներկառուցվում են կառուցվող տներում եւ շենքերում:

«Հայաստանում արեւային էներգիայից չօգտվելն անտրամաբանական է»

SolarOn արտադրամասի շենքի վերեւում դեռ հեռվից կարելի է նկատել մեծ արեւային կայանը: Այդ շենքում, իհարկե, նույնպես օգտվում են արեւային էներգիայից:

«Հայաստանում, որտեղ այդքան շատ արեւային օրեր կան, արեւային էներգիայից չօգտվելը պարզապես անտրամաբանական է»,- ասում է հիմնադիրը:

Հայաստանում արեւային վահանակների հիմնական պատվիրատուները, հիմնադրի խոսքով, ինչպես մասնավոր անձինք են, այնպես էլ կազմակերպություններ եւ ընկերություններ, այդ թվում խանութներ եւ հյուրանոցներ:

Ըստ հիմնադրի, արեւային կայանը, որը մարդը տեղադրում է իր տանը սեփական կարիքների համար, անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիա է արտադրում, իսկ երբեմն ավելի շատ (ավելցուկը նրանից գնում է Հայաստանի էլեկտրական ցանցերը): Մոտավորապես 5 տարվա ընթացքում մարդը վերադարձնում է կայանի համար ծախսված գումարը, իսկ կայանը նրան 25-30 տարի կծառայի եւ այդ ընթացքում նա անվճար էլեկտրաէներգիա կունենա: