Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի անապահով ընտանիքի երեք երեխաներին, որոնք Շիրակի մարզպետարանի հրահանգով տեղափոխվել էին տարբեր մանկատներ, ներկայումս միացել են իրար եւ գտնվում են `«Թռչունյան տուն» մանկատանը:
Հիշեցնենք, որ օրերս այդ խնդրանքով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին եւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին էր դիմել «Շիրակ Կենտրոնը»: Դիմում-ուղերձի հրապարակումից երկու օր անց` մարտի 10-ին, խնդիրը քննարկելու նպատակով նախարար Արթուր Գրիգորյանը հրավիրել է խորհրդակցություն: Դրան մասնակցելու հրավեր էին ստացել Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ, «Թռչունյան տուն» մանկատների տնօրենները եւ «Շիրակ կենտրոնի» ղեկավարը: Խորհրդակցության ընթացքում նախարարը որոշում է կայացրել այդ ընտանիքի երկու դպոցահասակ երեխաներին Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկից տեղափոխել «Թռչունյան տուն» մանկատուն, որտեղ գտնվում է նույն ընտանիքի փոքրը` 4-ամյա տղան: Այսօր այդ մասին կտեղեկացվի երեխաների ծնողներին, իսկ տեղափոխման ուղեգրերը պատրաստ կլինեն երկու օրից:
Ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնը» վերոհիշյալ դիմում-ուղերձով նաեւ խնդրել էր երեխաների ծնողներին ցուցաբերել նյութական աջակցություն, այդ թվում կիսախարխուլ տան նորոգման, անձնագրային բաժնում եւ սոցիալական ծառայությունում գրանցման, նրանց անվճար բուժզննման ենթարկվելու հարցերում:
«Ի տարբերություն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետը մեր դիմումին չի արձագանքել: Ուզում ենք հավատալ, որ նա իր աշխատակազմի համապատասխան մասնագետների հետ դեռեւս մտորում է այդ ընտանիքին աջակցություն ցուցաբերելու միջոցների հայթայթման ուղիների մասին»,- ասված է «Շիրակ կենտրոնի» հաղորդագրության մեջ:




























