Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը նախաձեռնել է մի ծրագիր, որով շրջում է հանրապետության բուհերում եւ դասական երաժշտության անվճար երեկոներ կազմակերպում ուսանողների համար։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  այս մասին տեղեկացրեց ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը։

Նրա խոսքով, ծրագրի գաղափարը պատկանում է նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին, իսկ նպատակը հայ երիտասարդներին դասական երաժշտությանը մոտեցնելն է։ «Համերգային  ծրագրով արդեն հանդես ենք եկել երկու բուհերում՝ Ռուս-հայկական եւ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում։ Համերգների մուտքն անվճար է եղել, գուցե դրա պատճառով ուսումնական երկու հասատատություններում էլ բավական մեծ լսարան էր հավաքվել։ Հատկանշական է նաեւ, որ յուրաքանչյուր բուհում համերգ տալիս ձգտում ենք հաշվի առնել բուհի ուղղվածությունը, օրինակ, սլավոնականում Չայկովսկի ենք նվագել, իսկ բժշկականում՝ Մոցարտ»,- տեղեկացրեց Թերզյանը՝ ավելացնելով, որ կատարումների ցանկը կազմելիս աշխատում են առավել մատչելի եւ ծանոթ գործեր ներառել։  

Վերջում ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրենը տեղեկացրեց, որ իրենց հաջորդ համերգը նախանշված է մարտին եւ կանցկացվի Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում։ «Այժմ բուհի ղեկավարության հետ այս ուղությամբ բանակցություններ ենք վարում։ Եթե լեզվագիտականի բեմը փոքր լինի եւ նվագախումբն  այնտեղ չկարողանանք տեղավորել, ապա համերգն, ամենայն հավանականությամբ, կանենք մեզ մոտ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում»,- ամփոփեց նա։

Նշենք, որ 2011-ը նվագախմբի համար հոբելյանական է, նշելու են նրա հիմնադրման 85-րդ տարին: