Եթե իշխանություները մտադիր են իրական սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնել, ապա պետք է փոխեն տնտեսական կառավարման տրամաբանությունը եւ օլիգարխներին հարստացնելու փոխարեն հարստացնեն երկրի քաղաքացիներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 11-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Տնտեսագետը վկայակոչեց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի խոսքերը`Ռուսաստանի նախագահ Մեդեդեւի եւ վարչապետ Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Բայդենն ասել էր, որ եթե դուք ուզում եք ներդրումներ կատարվեն ձեր երկրում, ուրեմն պետք է փոխեք տնտեսական կյանքին վերաբերող, ինչպես նաեւ դատական օրենսդրությունները: Մարդիկ ցանկանում են ներդրումներ կատարել ՌԴ-ում ու ունենալ վստահություն, որ կապիտալը չեն կորցնելու: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին. Այստեղ պետք է ստեղծվեն բարենպաստ պայմաններ` ներդրումներ կատարելու համար»,-նկատեց Խաչատրյանը:
Մինչդեռ, ըստ նրա, կառավարությունն անում է հակառակ քայլերը եւ նպաստում «տանիք» ունեցող մի քանի հոգու հարստացմանը:
Խաչատրյանն անդրադարձավ նաեւ գնաճի դեմ պայքարի նպատակով կառավարության օրենսդրական նախաձեռնությանը եւ նշեց, որ այն բնույթով վտանգավոր է: «Իշխանությունն այսօր ունի գնաճի դեմ պայքարելու բոլոր մեխանիզմները` սկսած Սերժ Սարգսյանի անձնական հրահանգից, վերջացրած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովով»,-նկատեց Խաչատրյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ ըստ օրենքի, եթե առաջին սպառման ապրանքերի դեպքում մեկ ամսվա ընթացքում 30 տոկոս գնաճ է արձանագրվում, կառավարությունը լիազորված է 90 օրով գին ֆիքսել: «30 տոկոս գների աճ տեղի կուենանա միայն ու միայն այն դեպքում, երբ տեղի ունենա դեֆոլտ, երբ տեղի ունենա դրամի արժեզրկում եւ երբ հայտարարվի, որ Հայաստանի պետությունը անվճարունակ է: Հակառակ դեպքում այսպիսի օրենդրական նախաձեռնության կարիքը չկար»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցչը: Նրա խոսքով` լավ կլիներ, որ Տիգրան Սարգսյանն իր կառավարության հետ եւ նաեւ ԿԲ-ն գնաճով չզբաղվեին, քանի որ նրանց բոլոր նախաձեռնությունները բացասական հետեւանք են ունենում»,-նկատեց ընդդիմադիր գործիչը: Ըստ նրա`շուկան իր կանոնների համաձայն գնաճի դեմն ավելի շուտ կառնի, քան թե կառավարությունը, որը բացի իր լիազորությունների իրացումից, նաեւ խաբեությամբ է զբաղվում:




























