Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) ողջունում է Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հստակ դիրքորոշումը: ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը կանխատեսում է, որ այս տարվա ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ կլինեն եւս մի քանի երկրների կողմից դրական արձագանքներ, եւ որ դրան խիստ նպաստում է նաեւ Ադրբեջանի  ոչ կառուցողական վերաբերմունքը:

«Մասնավորապես հետաքրքրական է Արցախ այցելած օտարերկրյա  քաղաքական եւ տնտեսական խոշոր գործիչներին «պերսոնա նոն գրադա» (անցանկալի անձ) հայտարարելու Ադրբեջանի պրակտիկան: Համարյա բոլոր այդ անձինք վերադառնալով լծվում են Արցախի անկախության պայքարին, քանի որ այլեւս ապացուցված են համարում, որ այդպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է երկխոսելն ապսուրդ է: Կոնկրետ, օրինակ, Սլովակիայում ունենք «պերսոնա նոն գրադա»-ի շքանշանակիրների» մի ամբողջ խումբ, որն Արցախի անկախության համար պայքարող մարտիկների մի ջոկատի է վերածվել»,- ասված է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահության, սպասելիքներ կան նաեւ Հայաստանի իշխանություններից: Մասնավորապես, առաջարկվում է ԼՂՀ-ն շուտափույթ դարձնել բանակցությունների կողմ, ինչպես նաեւ Հայաստանի ԱԺ-ում վերահաստատել Արցախի անկախության փաստը:

Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Մենք մտահոգված ենք շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ, որի հետեւանքով մարդկային զոհեր եղան: ԼՂ հակամարտության կարգավորման եւ հավասարակշռված քաղաքական որոշման կարելի է հասնել միան բանակցությունների ճանապարհով: Հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է»: