Վերջին տասնամյակներին հայերը սգո միջոցառումները տոնականից ավելի վառ են նշում: Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Քաղաքացու օրվա հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, չնայած նորմալ է, երբ պետության մեջ տոներ են նշում եւ դրա համար որոշակի միջոցներ են ծախսում: «Ես թե՛ նախորդ, թե՛ գործող իշխանությունների օրոք համանման իրադարձությունները նորմալ եմ գնահատել: Հանրության շրջանում տոների համար փող ծախսելու բացասական կարծիքը եկել է ներկայիս իշխանությունների շատ ներկայացուցիչների կողմից, երբ նրանք ընդդիմության շարքերում էին եւ քննադատում էին»,- նշեց նա:
Փորձագետը հավելեց, թե այլ հարց է, որ ծախսերը թաքցնել չի կարելի, քանի որ դա կարող է հանրության շրջանում բացասական արձագանք առաջացնել:
«Ինչ վերաբերում է հարցին, թե արժեր արդյոք Քաղաքացու օր նշել, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Ներկայիս սերունդի շատ ներկայացուցիչներ չեն հիշում Հայրենական մեծ պատերազմի կամ ղարաբաղյան պատերազմի ժամանակ մայիսի 8-9-ի իրադարձությունները, սակայն այս տոներն, այնուամենայնիվ, նշվում են: Կա նաեւ հակառակ օրինակը՝ Հայաստանի Սահմանադրության օրը: Շատերի համար այս օրը պարզապես հանգստյան օր է»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Նրան զարմացնում է այն, որ պետությունը ստպված է փող ծախսել որոշակի արարողակարգային միջոցառումների համար: «Ինձ ավելի շատ զարմացնում է ոչ թե այն, թե ինչու, օրինակ, նման միջացառումների համար մարզպետարանների բյուջեն կազմում է ընդամենը 250 հազար դրամ, այլ այն, թե ինչու է, օրինակ, Արտաքին գործերի նախարարության համար գնվել 500 հազարի կոնյակ: Սա, վերջիվերջո, պետություն է, այլ ոչ թե բոմժանոց»,- հավելեց քաղտեխնոլոգը:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Հայաստանում նշվեց Քաղաքացու օրը: Տոնակատարության համար բյուջեից հատկացվել էր 124 մլն դրամ:




























