Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննությունների շարք է սկսել այն անձանց շրջանում, ովքեր հրապարակավ կասկածի տակ են դրել իրավապաշտպան Լազարե Ջորբենաձեի մահվան պաշտոնական վարկածը։ Վերջինս մահից կարճ ժամանակ առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեին մեղադրել էր Դավիթ Գարեջիի միջնադարյան վանական համալիրի մի հատվածը Գաղտնի կերպով Ադրբեջանին վաճառելու մեջ, հայտնում է «Новости-Грузия»-ն։
Քննչական մարմինը պնդում է, որ ինքնասպանության փաստը հավաստիորեն հաստատված է զոհվածի կնոջ և ընտանիքի մյուս անդամների ցուցմունքներով, սակայն լայն հանրային արձագանքի պատճառով ՆԳՆ-ն, այնուամենայնիվ, մտադիր է հարցաքննել մի շարք հանրային դեմքերի։
Ցուցակում առաջինը դատապարտված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է, ով էլ հենց կասկածի տակ էր առել ուժայինների եզրակացությունները։ Հարցեր են ուղղվելու նաև նրան աջակցած ընդդիմադիրներին, լրագրողներին և փորձագետներին՝ Նիկա Գվարամիային, Իրմա Ինաշվիլիին, Նանուկա Ժորժոլիանիին, Խաթիա Դեկանոիձեին, Տազո Դատունաշվիլիին, Գիա Խուխաշվիլիին, Գեորգի Լիլուաշվիլիին, Զազա Դավիթայային, Էրմիլե Նեմսաձեին և Գեորգի Գիգաուրիին։ Գրեթե բոլորն էլ նշում են, որ նախկինում Ջորբենաձեի մասին ոչինչ չեն լսել, սակայն օրինաչափ են համարում վերջին տարիների աղմկահարույց ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի շուրջ հանրության շրջանում պահպանվող հարցադրումները․ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների մահից մինչև Աջարիայի կառավարության նախկին ղեկավար Թորնիկե Ռիժվաձեի դեպքը, ով, ըստ շրջանառվող լուրերի, փորձել է ինքնասպան լինել: Գերատեսչությունը խոստանում է հրապարակավ անդրադառնալ թեմային․ հետաքննության արդյունքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի, «եթե ի հայտ գան նոր հանգամանքներ»։
Իրավապաշտպանի մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածները Ղարիբաշվիլին հայտնել էր բանտից հղած հերթական նամակում՝ Ջորբենաձեի զոհվելն ուղղակիորեն կապելով ցածր վարկանիշ ունեցող «Ասավալ-Դասավալի» տաբլոիդին տված նրա հարցազրույցի հետ։ Հենց այդ հրապարակման մեջ էին հնչել սենսացիոն պնդումները․ իրավապաշտպանը հայտարարել էր, թե անձամբ է տեսել փաստաթուղթը, որի համաձայն Կոբախիձեն 2025 թվականին գաղտնի համաձայնագիր է ստորագրել Բաքվի հետ և Ադրբեջանին փոխանցել Դավիթ Գարեջիի տարածքի մի մասը։ Նրա խոսքով՝ սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքի շրջանում Ղարիբաշվիլիին առաջարկել են 250 միլիոն դոլար՝ վրացական հողերը փոխանցելու դիմաց, սակայն նա հրաժարվել է։ Ինքը՝ Ղարիբաշվիլին, պնդում է, որ հոդվածի լույս տեսնելուց անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչները բանտում ցույց են տվել իրեն այդ հրապարակումը՝ համարելով այն նախկին վարչապետի «պատվերը», ինչն ինքը հերքել է։
Դավիթ Գարեջին շարունակում է մնալ Վրաստանի նորագույն քաղաքական պատմության ամենացավոտ թեմաներից մեկը։ 2020 թվականին Ղարիբաշվիլիի կառավարությունն այս թեման դարձրեց նախընտրական քարոզարշավի գլխավոր հաղթաթուղթը՝ «Միասնական ազգային շարժմանը» մեղադրելով իշխանության ղեկին գտնվելու տարիներին «վրացական տարածքները վաճառելու» մեջ։ Իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքն այն ժամանակ «Գարեջին մերն է» կարգախոսը վերածեց իր լոգոտիպի, իսկ Ղարիբաշվիլիի մտերիմ Իրմա Ինաշվիլիի հետ կապված ակտիվիստների խմբերը բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով պատժել ազգային շահերի «դավաճաններին»։ Քարոզարշավի գագաթնակետը դարձավ «քարտեզագիրների գործը»․ դեմարկացիոն հանձնաժողովի անդամներ Իվերի Մելաշվիլիին և Նատալյա Իլյիչովային մեղադրեցին 1938 թվականի քարտեզը թաքցնելու և Ադրբեջանին մինչև 3,5 հազար հեկտար հողատարածք փոխանցելու մեջ։ Ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո թեման փակվեց, թեև ձևականորեն հետաքննությունը մինչ օրս ավարտված չէ։
Ղարիբաշվիլիին հարցաքննության կանչելը ջրի երես հանեց նաև իշխող կուսակցության ղեկավարության ներսում առկա սուր դիմակայությունը։ Փողերի լվացման համար հինգ տարվա պատժաչափ կրող նախկին վարչապետը վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք նամակներ է հրապարակել՝ Կոբախիձեին և նրա մերձավոր շրջապատին մեղադրելով ճնշումների ու շանտաժի մեջ․ առաջին աղմկահարույց բացահայտումները հայտնվեցին ուժայինների կողմից նրան կոռուպցիայի նոր մեղադրանքներ առաջադրելուց ընդամենը մի քանի օր առաջ։
Քաղաքական շրջանակներում կարծում են, որ հենց Կոբախիձեն է կանգնած եղել իր նախորդի ազդեցության թուլացման, պետական ապարատը նրա կադրերից մաքրելու և դրան հաջորդած հապճեպ կալանավորումների ետևում։




























