Գոնկուրի ակադեմիան հայիթա-կանադացի գրող Թելիսոն Օրելյենի C'était ça ou mourir («Սա կամ մահ») վեպը հանել է հեղինակավոր գրական մրցանակի հավակնորդների երկար ցուցակից՝ այն գրելիս արհեստական բանականության օգտագործման մեղադրանքներից հետո, հայտնել է CNN հեռուստաալիքը։
Օրելյենը հերքում է, որ վեպը ստեղծելու համար օգտագործել է ԱԲ։ Մեղադրանքները ֆրանսիական գրական համայնքում լայն բանավեճ են առաջացրել նոր տեխնոլոգիաների օգտագործման, ստեղծագործությունների գրական արժեքի և ինքնատիպության վերաբերյալ։
ԱԲ հնարավոր օգտագործման մասին պնդումներն այս շաբաթ հայտնվել են X սոցիալական ցանցի «Balance ton Claude» անունով օգտահաշվում։ Ավելի ուշ էսսեիստ Սամյուել Ֆիտուսին հայտնել է, որ հենց ինքն է այդ օգտահաշվի հեղինակը և այն վարում է այլ մարդկանց հետ միասին, որոնց ինքնությունը չի բացահայտել։
Այնուհետև տեղեկություններ են հայտնվել Օրելյենի ավելի վաղ ստեղծագործություններում հնարավոր գրագողության մասին։ La Presse թերթը հայտնել է, որ նրա 2012 թվականի պատմվածքը, իբր, պարունակում է հատվածներ ֆրանսիացի գրող Լուի Պովելի գրքից, իսկ 2013 թվականին հրապարակված սյունակը, ենթադրաբար, կրկնում է ֆիլիպինյան The Philippine Star թերթի տեքստը։
Օրելյենը դեռևս չի պատասխանել այս մեղադրանքներին։
Գոնկուրի ակադեմիան հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել ԱԲ օգտագործման և գրագողության վերաբերյալ մեղադրանքները և որոշել է վեպը հանել ցուցակից, որպեսզի «պահպանի Գոնկուրյան մրցանակի և ակադեմիայի ամբողջականությունը», որի գլխավոր առաքելությունն է աջակցել գրական ստեղծագործություններին և արժևորել դրանք։
Ակադեմիան նաև հայտարարել է, որ դեմ է ԱԲ կիրառմամբ տեքստերի ստեղծմանը։ Մինչև հոկտեմբերի 6-ը, երբ կհայտարարվի մրցանակի կարճ ցուցակը, այն լրացուցիչ մեկնաբանություններ տալ մտադիր չէ։
C'était ça ou mourir վեպը Հայիթիում ծնված Օրելյենի դեբյուտային ստեղծագործությունն է։ Սյուժեի կենտրոնում հայիթցի մի միգրանտ է, որը շարժվում է դեպի հյուսիս Լատինական Ամերիկայի երկրներով և վերջում հայտնվում Կանադայում։ Գիրքը ստացել է մի քանի այլ գրական մրցանակներ և պետք է հրատարակվեր մի քանի լեզուների թարգմանությամբ։
Օրելյենի ֆրանսիական և կանադական հրատարակչությունները սկզբում ամբողջությամբ աջակցել են գրողին՝ ԱԲ օգտագործման մեղադրանքների հրապարակումից հետո։ Ուրբաթ օրը մեկնաբանության հարցումներին նրանք չեն պատասխանել։
Մեղադրանքների հեղինակները հայտարարել են, որ Pangram-ի՝ ԱԲ-ով ստեղծված տեքստեր հայտնաբերելու գործիքի միջոցով վեպի հատվածների ստուգումը ցույց է տվել արհեստական բանականության գրեթե լիակատար օգտագործում։ Սակայն մասնագետները նշել են, որ նման դետեկտորների հուսալիությունը շարունակում է մնալ վիճելի, դրանց արդյունքները թույլ չեն տալիս վստահորեն հաստատել, թե ով է տեքստի հեղինակը։





























