Հայաստանի իշխանությունները տնտեսական բարեփոխումների հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ չնայած նախաձեռնվել են որոշակի համակարգային փոփոխություններ, անհրաժեշտ է հիշել՝ կոռուպցիան արմատախիլ անելու միայն կարգախոսներով անհնար է ապահովել երկիր ներդրումների լուրջ հոսք: «Խնդիրն այն չէ, որ տարվա ընթացքում լուրջ ներդրումներ չկան, քանի որ ժամկետը փոքր է, այլ այն, որ անգամ տեսանելի չեն այն մեխանիզմները, այն երաշխիքները, որոնց հաշվին հնարավոր կլիներ ապագայում ներդրումներ ներգրավել: Ներդրողին հասկանալի չէ մյուս երկրների հանդեպ Հայաստանի առավելությունը: Փողն ավելի մեծ երաշխիքներ է սիրում: Իսկ ներկայիս իշխանություններն առայժմ ներդրողների համար այս երաշխիքները չեն ապահովել»,- նշեց փորձագետը: