ՔԿՀ-ներում բանտախցերը ծանրաբեռնված չեն։ Այս մասին ապրիլի 29-ի մամուլի ասուլիսում ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ամփոփելով առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքները։
«1 մահճակալ՝ մեկ բանտարկյալ։ Գաղտնի բանտարկյալներ չկան։ Համակարգում մահճակալների թիվը 5350 է, դատապարտվածներն ու ձերբակալվածները՝ 2287։ Այսպիսով, ՔԿՀ ծանրաբեռնվածությունից բխող բացասական երեւույթներ չկան»- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ 281 բանտարկյալ աշխատանքի է տեղավորվել դատապարտյալների օժանդակության հիմնադրամի օգնությամբ։ 89-ն իրականացրել է կրթություն ստանալու իրավունքը, 22-ը՝ ընդհանուր կրթություն, 63-ը՝ մասնագիտական, 4-ը՝ բարձրագույն։
Մի շարք ՔԿՀ-ներում կատարվում է ջրմուղի եւ ջրատարի նորոգում։ Հատկապես սուր է հարցը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հիշեցրել է նախարարը։
Շարունակվում են օրենսդրական բարեփոխումները։ Առաջին ընթերցմամբ ընդունվել է բարեփոխումների փաթեթ։ Դրանք տարածվում են երկարատեւ տեսակցությունների վրա, այդ թվում՝ ձերբակալվածների հետ, կարճաժամկետ բացակայություն, բացակայության թույլտվություն այն դեպքերում, որոնք կապված են երեխաների հետ, ցմահ բանտարկյալների տեղափոխում ավելի մեղմ ռեժիմի կամ պայմանական ժամանակից շուտ ազատ արձակում։ Հաշվետու ժամանակաշրջանում ազատվել է 339 բանտարկյալ, 41-ը՝ ժամկետից շուտ, 2-ը՝ հիվանդության գծով, 59-ը՝ համաներմամբ։ Մյուսների ազատազրկման ժամկետն է ավարտվել։
ԴԱՀԿ գծով ստացվել է 7 մլրդ 298 մլն 489 հազար 526 դրամ, ինչը 22 տոկոսով ավելի է, քան անցած տարի։
Նշված ժամանակահատվածում ստացվել է 34 խնդրանք ներման մասին, վարչապետին են հանձնվել 49 մարդու անձնական գործեր, տրվել է 47 խորհրդատվություն։ Դատավորների դեմ հարուցվել է 8 կարգապահական վարույթ։ 4-ը դադարեցվել է։ Երկուսի գծով միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ, եւս 2-ը գործընթացում են։
Շարունակվում են դատաիրավական ոլորտի բարեփոխումները։ Այս համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ կընդունվի ապօրինաբար ստացված միջոցների առգրավման օրենքը։





























